Տպել
09.02.2023
Թիրախային օրենսդրական նախաձեռնություն ավարտված շինարարական օբյեկտն առանց շահագործման թույլտվության ձեւակերպման շահագործելու վերաբերյալ
1 / 2

Ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը թիրախային է, եւ վերաբերում է ավարտված շինարարական օբյեկտն առանց շահագործման թույլտվության ձեւակերպման շահագործելուն: Փետրվարի 9-ի ԱԺ հերթական նիստում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Վաչե Տերտերյանի ներկայացմամբ նման դեպքում կնշանակվի տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ յոթհարյուրապատիկի չափով, իսկ նույն վարքագիծը շարունակելու դեպքում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հազարհինգհարյուրապատիկի չափով: «Խոսքը վերաբերում է բազմաբնակարան խոշոր շինարարությանը, որովհետեւ օրենսդրությամբ նկարագրված միայն այդ օբյեկտների համար է, որ առաջանում է շահագործման թույլտվության անհրաժեշտություն»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը: Ըստ նրա` նախագծի ընդունումն էապես կնպաստի շինարարության թույլտվության հիման վրա կառուցվող օբյեկտների` առանց համապատասխան շահագործման թույլտվության առկայության փաստացի շահագործման դեպքերի կանխարգելմանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը: