Տպել
09.02.2023
Առաջարկվում է արտադպրոցական կրթության ոլորտում դասավանդողներին հավելավճար ստանալու նպատակով ատեստավորում անցնելու հնարավորություն տալ. հանձնաժողովն արտահերթ նիստ է գումարել
1 / 8

Օրենսդրական նախաձեռնությամբ գործադիրն առաջարկում է արտադպրոցական կրթության ոլորտում դասավանդողներին հավելավճար ստանալու նպատակով ատեստավորում անցնելու հնարավորություն տալ:

«Կրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 9-ի արտահերթ նիստում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորների կողմից ստացվել են մի շարք առաջարկներ, օրինագիծը երկրորդ ընթերցումից առաջ լրամշակվել է, կատարվել են նաեւ ճշգրտումներ:

Մասնավորապես, ընդունվել է պատգամավորների այն առաջարկը, որով պետության կողմից երաշխավորվում է արտադպրոցական կրթության համակարգը: Սահմանվել են նաեւ արտադպրոցական ծրագրերի ուղղությունները, կառույցները, որոնք կարող են իրականացնել այդ ծրագրերն ու ֆինանսավորման կարգը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ներկայացրած մի շարք առաջարկներ չեն ընդունվել. նախարարը պարզաբանել է, որ դրանց ուղղությամբ քննարկումներ եւ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: