Տպել
13.02.2023
Միջազգային եւ անհրաժեշտ ուշադրությունն Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ գնալով նվազում է. Տիգրան Աբրահամյան
1 / 2

Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, դրան հետեւած ադրբեջանական հարձակումների տրամաբանության ներքո Թուրքիայի նկատմամբ այդպիսի վերաբերմունքը, բնականաբար, տրամաբանության մեջ չի տեղավորվում: Ես կհասկանայի Հայաստանի՝ այդ պահի իշխանությանը, որը որեւէ չոր տեքստով ցավակցություն կփոխանցեր: Սակայն Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով նույնիսկ զորակցություն են հայտնում Թուրքիային, արդեն մի քանի անգամ հումանիտար բեռ են փոխանցում. ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ պատասխանելով լրագրողի՝ Հայաստանից Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելուն վերաբերող արդյո՞ք այս քայլը կարող է հանգեցնել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման եւ ճանապարհների բացման հարցին:

Պատգամավորը նաեւ նկատել է, որ գրեթե նույն թվով փրկարարներ են աշխատում թե՛ մշտական բարեկամ Սիրիայում, թե՛  Թուրքիայում: Նրա գնահատմամբ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի իրականացրած քաղաքականությունը եւ Հայաստանի՝ այս իրավիճակում քայլերը համահունչ չեն:

Տիգրան Աբրահամյանը նաեւ չի կարծում, թե հայ-թուրքական հարաբերություններում ճիշտ դիրքավորվելու համար Հայաստանի հումանիտար բեռը կամ զորակցությունն էր կարեւոր լինելու:

Ճեպազրույցների ընթացքում ընդդիմադիր պատգամավորն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին: «Ես ուզում եմ այսօր եւս ձեր եւ հանրության ուշադրությունը կենտրոնացնել Արցախում առկա իրավիճակի վրա, որովհետեւ երկու ամսից ավելի է՝ Արցախը շարունակում է մնալ շրջափակված: Ցավալիորեն պետք է արձանագրել, որ ավելացող խնդիրներին զուգահեռ, միջազգային եւ անհրաժեշտ ուշադրությունն Արցախում ստեղծված իրավիճակի նկատմամբ գնալով նվազում է»,- նշել է պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանի կարծիքով միջազգային հանրությունը եւ հատկապես տարածաշրջանային այն խաղացողները, որոնք մշտապես Հարավային Կովկասում ունեցել են ազդեցություն, ունեն լուրջ հնարավորություն ազդելու Ադրբեջանի վրա եւ իրավիճակը որոշակի հանգուցալուծման տանելու ուղղությամբ:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով Արցախում ճգնաժամը շարունակվում է, բավականին մեծ խնդիրներ կան: «Այն իրավիճակը, որն այսօր առկա է Արցախում, բավականին ծանր է: Արցախում մեր հայրենակիցները բավականին ծանր, բավականին բարդ շրջան են ապրում ու նրանք, ցավալիորեն, միայնակ են»,- եզրափակել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը: