Տպել
22.02.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ առաջարկող նախագծին
1 / 3

Նախագիծը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են Հայաստանի Հանրապետությունում ստանալ օդանավ շահագործողի վկայական: Այդ կազմակերպությունների կառավարման վրա լիազորություն ունեցող անձանց վատ հեղինակություն ունենալու դեպքում օդանավ շահագործողի վկայականի տրամադրումը կարող է մերժվել: Նախագծով սահմանվում են նաեւ մերժման հիմքերը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը բովանդակային փոփոխության չի ենթարկվել:

Պատգամավորների` սահմանափակումների վերաբերյալ հարցերին պատասխանելով` Արմեն Սիմոնյանը հայտնել է, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը եւ առաջարկվել այս մոտեցումը:

«Խոսքը ոչ թե որեւէ ավիաընկերության, այլ այն անձանց մասին է, որոնք այդ ավիաընկերության կամ այն կազմակերպությունների բաժնետերերը կամ սեփականատերերն են, որոնց նկատմամբ կան օրենքով սահմանված որոշակի վերապահումներ` դատվածություն,  միջազգային հետախուզում եւ այլն: Գործող օրենսդրությունը դա չի կարգավորում»,- պարզաբանել է փոխնախարարը եւ հավելել, որ մեքենայությունների մեջ եղած որեւէ ֆիզիկական անձ կարող է օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնել, ստանալ օդանավ շահագործողի վկայական եւ առեւանգել օդանավը: «Սա է եղել հիմնական ինդիկատորը, որ այս օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնենք»,- ասել է նա:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: