Տպել
05.05.2006
Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության հինգ տարիները

Մայիսի 5-ին  ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Ժան Լուի Լորանին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Եվրախորհրդին Հայաստանի անդամակցելուց հետո անցած հինգ տարիների ձեռքբերումներին եւ հեռանկարներին: Նշվեց, որ այդ տարիները եղել են ակտիվ աշխատանքի ու համագործակցության տարիներ, որոնց ընթացքում էլ  ուրվագծվել են Եվրախորհրդից Եվրամիություն ճանապարհի ուղենիշները: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ  Եվրախորհրդում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին` նշելով, որ սահմանադրության փոփոխություններից հետո կատարվում են օրենսդրական բարեփոխումներ դատաիրավական, տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման համակարգերում, ընտրական օրենսգրքում:

Պարոն Լորանը, կարեւորելով  ժողովրդավարական բարեփոխումների հաջողությունը Հայաստանում` ընդգծեց առաջիկա համապետական ընտրությունները ազատ ու արդար անցկացնելու համար օրենսդրական հիմքերի ու քաղաքական կամքի առկայության անհրաժեշտությունը:  Հինգ տարի առաջ Հայաստանի որդեգրած քաղաքական կուրսը պարոն Լորանի կարծիքով` եվրոպական մեծ ընտանիքում ինտեգրվելու ու արժեհամակարգերը որդեգրելու առումով Հայաստանի առաջընթացի համար դրական նշանակություն է ունեցել: