Տպել
28.02.2023
Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները հանդես են եկել Լաչինի միջանցքի արգելափակման մասին հայտարարությամբ
1 / 1

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ: Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Միջանցքը տարածաշրջանի տեղական բնակչության համար կենսական նշանակության կարեւոր ճանապարհ է: Հոսանքի հաճախակի անջատումների եւ էլեկտրականության ու գազի բացակայության պատճառով հումանիտար ճգնաժամը տարածաշրջանում օրեցօր վատթարանում է: Բացի այդ, ժողովուրդը կենսական իրերի կարիք ունի` դեղորայք եւ բժշկական օգնություն, սնունդ եւ վառելիք»,- նշել է խորհրդարանական խումբը համատեղ հայտարարարության մեջ:

Հայտարարությամբ խմբի անդամները կոչ են արել շահագրգիռ կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ` տարածաշրջանում կայունության եւ զարգացման ապահովմանն աջակցելու նպատակով:

«Արգելափակումը շարունակում է վնասակար ազդեցություն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի վրա: Մենք խորապես հավատում ենք, որ հումանիտար հարցերի կարգավորումը, տեղաշարժման ազատությունը եւ միջանցքի անվտանգությունն ունեն չափազանց կարեւոր նշանակություն` առաջընթացի ապահովման համար»,- հայտարարել են խմբի անդամները:

Հայտարարությունը ստորագրել են խորհրդարանական խմբի նախագահ Ռայվո Տամը եւ անդամներ Մատի Ռայդման, Միհայիլ Լոտմանը, Տարմո Կրուուսիմեն եւ Լեո Կունասը: