Տպել
28.02.2023
Հանձնաժողովը կողմ է քվեարկել լրամշակված նախագծին
1 / 9

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` փետրվարի 28-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ Կառավարությունն օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկներ:

Չորս առաջարկություն է ներկայացրել նաեւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Նա, մասնավորապես, առաջարկել է պահպանել մարտական գործողությունների ժամանակ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողների համար տրվող հատուցման գումարը, որոնք նրանք ստացել են մինչեւ 3-րդ խմբի հաշմանդամություն ստանալը:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ ներկայացված փոփոխություններն արմատական են: Առաջարկները չեն ընդունվել. հարցի վերաբերյալ Կառավարության հետ կանցկացվի աշխատանքային քննարկում:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել օրենքի նախագծի լրամշակված տարբերակին: