Տպել
28.02.2023
Կառավարությունը վերանայում է էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին եւ էլեկտրոնային առեւտրին վերաբերող կարգավորումները
1 / 2

Քաղաքացիական օրենսգրքում էլեկտրոնային պայմանագրերին վերաբերող կարգավորումները հնացած են, սահմանափակ են մեկնաբանվում եւ կիրառության առումով հստակ չեն: Հստակ կարգավորված չեն ինտերնետային կայքերով, տարատեսակ էլեկտրոնային հավելվածների ու հարթակների միջոցով կնքվող պայմանագրերի դեպքերը:

Նախաձեռնությամբ վերանայվում են էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին եւ էլեկտրոնային առեւտրին վերաբերող կարգավորումները: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը փետրվարի 28-ի ԱԺ նիստում:

Առաջարկվող կարգավորումներով քաղաքացին առավել պաշտպանված կլինի պայմանագրային հարաբերություններում: «Պայմանագրի կողմին, սպառողին առավել տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է մտնում պայմանագիր կնքելիս, ինչ պայմանների է համաձայնվում»,- ընդգծել է զեկուցողը:

Գլխադասային` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանը: Նրա խոսքով փոփոխությունները միտված են Քաղաքացիական օրենսգրքում քաղաքացիաիրավական հարաբերությունները տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված իրողություններին համապատասխանեցնելուն:

Քաղաքացիական օրենսգրքում, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ու «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն առաջին ընթերցմամբ քննարկվել են փետրվարի 28-ի ԱԺ նիստում: