Տպել
01.03.2023
Քննարկվել է մաքսային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակմանը վերաբերող արձանագրությունը
1 / 2

Եվրասիական տնտեսական միության եւ Վիետնամի միջեւ Ազատ առեւտրի համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի մայիսի 29-ին, ուժի մեջ է մտել 2016 թվականի հոկտեմբերի 5-ին: Համաձայնագրի 5.7 հոդվածով նախատեսված է մաքսային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման համակարգի ներդնում: Այն հանձնարարվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, որն այն պետք է իրականացնի 3 փուլով: Առաջին փուլում նախատեսված 5 խումբ ապրանքների վերաբերյալ տվյալների փորձնական փոխանակումը հաջողությամբ իրականացվել է: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մարտի 1-ի ԱԺ նիստում:

Քննարկվել է ««2018 թվականի հունիսի 28-ին ստորագրված` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջեւ «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածի համաձայն` տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Զեկուցողի խոսքով նախագծով առաջարկվում է ընդլայնել տեղեկատվության փոխանակման կազմը, տեխնիկական պահանջները եւ էլեկտրոնային հաղորդագրությունների կառուցվածքն ու փոխանակման կանոնները:

Գլխադասային` Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը: Ըստ նրա` արձանագրությունը մշակվել է տեղեկատվության փոխանակման երկրորդ փուլի իրականացման նախապատրաստման նպատակով եւ ներառում է այն ապրանքների ցանկը, որոնց մասին տեղեկատվության փոխանակումը նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային հաղորդագրության երկրորդ փուլի շրջանակում: