Տպել
13.03.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ կսահմանվեն տուրքերի նոր դրույքաչափեր` ԵԱՏՄ ապրանքային նշանների պայմանագրին համապատասխան. Վահան Քերոբյան
1 / 4

ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքում սահմանել տուրքերի նոր դրույքաչափեր` ԵԱՏՄ ապրանքային նշանների պայմանագրին համապատասխան, ինչպես նաեւ հստակեցնել գանձվող պետական տուրքերի անվանումները, փոփոխություններ կատարել տուրքերի դրույքաչափերում:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի վերոնշյալ օրենքի մի շարք դրույթների համապատասխանեցումը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով եւ «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագրով նախատեսված դրույթներին:

Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է բովանդակային, խմբագրական եւ տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են:

Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն: