Տպել
15.05.2006
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն արժանացավ «Տարվա լավագույն եվրոպացին» մրցանակին

Մայիսի 11-18-ը Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակներում մայիսի 15-ին  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ մրցանակաբաշխության  արարողություն, որը կազմակերպել էր «Հայաստանի եվրոպական շարժում» կազմակերպությունը: Մրցանակաբաշխությանը մասնակցում էին Ազգային ժողովի, կառավարության, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների, հ/կ-ների ներկայացուցիչներ եւ այլք:

Ավանդաբար Եվրոպական շարժման մրցանակները տրվում են իրենց պետությունների եվրոպականացման գործում ներդրում ունեցող կամ եվրոպական աշխատաոճով առանձնացող հասարակական-քաղաքական գործիչներին կամ կազմակերպություններին:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն արժանացավ «Տարվա լավագույն եվրոպացին» մրցանակին, իսկ մշակութային եւ տնտեսական ոլորտներում «Լավագույն եվրոպական ներդրում» մրցանակներին արժանացան «Կանակա» ԲԲԸ-ն, «Այաս» ծովային հետազոտությունների ակումբը եւ «Փարիզյան Սուրճ» ընկերությունը:

«Հայաստանի եվրոպական շարժման» նախագահ Վիկտոր Ենգիբարյանը բացման խոսքում հավաստեց, որ Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդումը բխում է մեր պետության շահերից եւ Հայաստանի հեռանկարային զարգացումների` առանց այլընտրանքի ճանապարհն  է:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, շնորհավորելով պարգեւատրվածներին, նշեց, որ Հայաստանի համար եվրոպական ինտեգրացումն այլընտրանք չունեցող քաղաքական հեռանկար է: «Ովքեր ուզում են ապրել այդ արժեքային համակարգով, պետք է պայքարեն դրա համար»,-հավաստեց պարոն Բաղդասարյանը: Ողջունելով «Հայաստանի եվրոպական շարժման» նախաձեռնությունը` խորհրդարանի նախագահն ընդգծեց, որ պետք է պայքարել հանուն ժողովրդավարության, ազատության, համերաշխության եւ համագործակցության, որը մեր երկիրը կտանի դեպի առաջընթաց ու զարգացում:

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսիս Լոյբերն ընդգծեց, որ Եվրոպան նպատակ ունի զարգացնել տնտեսությունը եւ տարածել եվրոպական արժեքներ` օրենքի գերակայություն եւ մարդու իրավունքներ: Պարոն Լոյբերը կարեւորեց Եվրոպայի հարեւանության ծրագրի կոնսոլիդացիան:

Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Հենրի Կրոները նշեց, որ եվրոպական արժեքները միավորվում են ազատ եւ ինքնավար կառավարությունների ու մարդկանց ազատ կամքի շուրջ: