Տպել
14.03.2023
Հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից է. Ռուստամ Բաքոյան
1 / 9

Գնահատելով Մերձավոր Արեւելքի ռազմավարական նշանակությունն ու կարեւորությունը մեզ համար՝ պետք է ասել, որ Իրաքը յուրօրինակ տեղ է գրավում մեր պետության արտաքին քաղաքականության համատեքստում. ասել է Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանն Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանը:

Ողջունելով իրաքցի գործընկերների այցը մեր երկիր՝ Ռուստամ Բաքոյանը կարեւորել է նման քննարկումներն ու հանդիպումները, որոնց առանցքում երկու երկրների ընդհանուր շահերն են:

«Մեր երկրների համագործակցության հիմքերի ամրապնդման գործում առանձնահատուկ դերակատարություն ունեն խորհրդարանական բարեկամական խմբերը, որոնց գործակցությունը վերջին շրջանում բավական ակտիվացել է»,-նշել է Ռուստամ Բաքոյանը: Նա հատկապես կարեւորել է օրենսդիր մարմինների գործակցությունը տարբեր ձեւաչափերում:

Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավարի խոսքով հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից է: Սրան զուգահեռ՝ ակտիվ զարգանում են նաեւ տնտեսական եւ մշակութային կապերը: Տնտեսական կապերի զարգացման հարցում հայ եւ իրաքցի պատգամավորները կարեւորել են «Ֆլայ Արնա» ավիաընկերության կողմից Բաղդադ-Երեւան, Էրբիլ-Երեւան չվերթների գործարկումը, ինչը զարկ կտա ե՛ւ զբոսաշրջությանը, ե՛ւ առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը կազմում է 200 մլն դոլար, ինչը շատ փոքր թիվ է: Նրա կարծիքով այս ոլորտում կա չիրացված ներուժ:

Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամները պատրաստակամություն են հայտնել բարենպաստ պայմաններ ստեղծել գործարար կապերի ակտիվացման համար:

Անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հարցին, որը ձգվում է արդեն 93 օր: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է 2020 թվականի եռակողմ հայտարարությունը եւ չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, ինչի հետեւանքով վտանգված է Արցախի 120 հազար բնակչության անվտանգությունը: Նշվել է, որ Ադրբեջանը շարունակում է իր սադրիչ գործողությունները նաեւ Հայաստանի ինքնիշխան պետության նկատմամբ` խաթարելով տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը, ինչպես նաեւ բարեկամական խմբի մյուս անդամները կարեւորել են հայ-իրաքյան բազմակողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության ապահովման կարեւորությունը:

Անդրադառնալով Իրաքում հայ համայնքի առկայությանը՝ Ռուստամ Բաքոյանն անհրաժեշտ է համարել, որ Իրաքի խորհրդարանում հայ համայնքն ունենա իր ներկայացուցիչը, ինչին կողմ են արտահայտվել նաեւ իրաքցի գործընկերները:

Մշակութային շփումներին անդրադառնալով՝ Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի տեղակալ Ուատբան Ջամիլ Մանսուրը նշել է, որ Հայաստանի բուհերի բակալավրիատի կրթական ծրագրերով ուսանում է շուրջ 300 իրաքցի ուսանող, եւ ցանկություն կա ավելացնելու այդ թիվը, ինչպես նաեւ հնարավորություն ստանալ ուսանելու մագիստրոսական կրթական ծրագրերով:

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրներում ազգային փոքրամասնությունների նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքը: Անդրադարձ է եղել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Հանդիպումը կայացել է մարտի 14-ին:


15.06.2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հունիսի 15-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնե...