Տպել
04.04.2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը
1 / 6

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 4-ին ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ ուրախ է պատվիրակության կազմում տեսնել նաեւ մեր հայրենակից Արին Կարապետին:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ հավելելով, որ Շվեդիան նաեւ կարեւոր գործընկերներից է Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԵՄ խորհրդում նախագահության ստանձնման առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը:

Կողմերը փաստել են Հայաստան-Շվեդիա խորհրդարանական կապերի զարգացման, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ շփումների խթանման հարցում բարեկամական խմբերի գործունեության կարեւորությունը:

Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի կողմից ադրբեջանական ռազմական ագրեսիան դատապարտող, Լաչինի միջանցքի արգելափակման, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձման հրամայականի, ինչպես նաեւ ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանությունների վերաբերյալ հայտարարությունների համար:

Ներկայացնելով այս պահին տիրող իրավիճակը՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից եւ հետագա ագրեսիվ գործողությունների կանխումն առաջնահերթ խնդիր է՝ կարեւորելով ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում Շվեդիայի ցուցաբերած աջակցությունը:

«Շատ կարեւոր է, որ միջազգային հանրությունը մեծացնի ճնշումը Բաքվի վրա՝ դադարեցնելու իր հակահայկական քաղաքականությունը: Բարձրաձայնում ենք Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին եւ ակնկալում մեր միջազգային գործընկերների հասցեական արձագանքները»,- եզրափակել է Ալեն Սիմոնյանը:


23.06.2024
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդ...