Տպել
04.04.2023
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը դիտարկում ենք որպես տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ հավակնությունները սահմանափակող առանցքային գործոն. Հռիփսիմե Գրիգորյան
1 / 16

Ե՛վ բարեկամական խմբի, ե՛ւ միջխորհրդարանական հարթակներում ձեր աջակցությունը Հայաստանի բարձրաձայնած խնդիրներին չի կարելի թերագնահատել՝ սկսած խմբի անդամների հայտարարություններից մինչեւ խորհրդարանական վեհաժողովներում նախաձեռնած գրավոր հայտարարությունները. ասել է ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանն ապրիլի 4-ին Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Հռիփսիմե Գրիգորյանը նշել է, որ Շվեդիան՝ որպես ԵՄ անդամ եւ ներկայում ԵՄ նախագահող երկիր, կարեւոր գործընկեր է Հայաստանի համար: Բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է նաեւ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը: «Մենք առաքելությունը դիտարկում ենք որպես տարածաշրջանում Ադրբեջանի ագրեսիվ հավակնությունները սահմանափակող առանցքային գործոն»,- ասել է նա:

Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերը կարեւորել է խորհրդարանական փոխգործակցության զարգացումը եւ հույս հայտնել, որ առաջիկայում երկկողմ հարաբերություններն առավել կընդլայնվեն եւ կզարգանան:

Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կարեւորել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը եւ նշել, որ նման առաքելության առկայությունն Արցախում եւս անհրաժեշտ է: «Դա խնդիրներին տեղում ծանոթանալու եւ իրավիճակը պատկերացնելու հնարավորություն կտա»,- ասել է նա: Պատգամավորն առաջնային է համարել արցախահայության ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ փորձագիտական ներուժի զարգացման հարցում Շվեդիայի առաջադեմ փորձի ուսումնասիրման կարեւորությանը:

Բարեկամական խմբի անդամ Զարուհի Բաթոյանը կարեւորել է հետագա համագործակցությունն ու փորձի փոխանակումը, մասնավորապես, կանանց տնտեսական ակտիվությանը, սոցիալական ոլորտի, ինչպես նաեւ երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքին վերաբերող օրենսդրական կարգավորումների շուրջ:

Բարեկամական խմբի անդամ Իրինա Գասպարյանը, խոսելով Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին, նշել է, որ մեր երկրում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները որոշ պետական դպրոցներում հնարավորություն ունեն ուսուցանելու իրենց մայրենի լեզուն:

Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ Լիլիթ Ստեփանյանն էլ անդրադարձել է Հայաստանի անվտանգային խնդիրներին՝ ընդգծելով սահմանամերձ համայնքներում բնակիչների ծանր վիճակը: Նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման իրավունքին եւ հետաքրքրվել, թե ինչն է պատճառը, որ ԵՄ անդամ երկրները պատժամիջոցներ չեն կիրառում Ադրբեջանի դեմ:

Շվեդիայի կողմից Հայաստանում իրականացրած ՄԱԿ-ի ծրագրերին է անդրադարձել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բարեկամական խմբի անդամ Գեւորգ Պապոյանը: Նա կարեւորել է մի շարք ոլորտներում փորձի փոխանակումը:

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, ազգությամբ հայ Արին Կարապետը, կարեւորելով Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցությունը, առաջարկել է մշակել համատեղ աշխատանքների շրջանակ՝ միջազգային խորհրդարանական կառույցներում Հայաստանի խնդիրները բարձրաձայնելու եւ լուծումներ գտնելու համար:

Կողմերը կարեւորել են խորհրդարանական կապերի զարգացման անհրաժեշտությունը եւ առաջարկել բարեկամական խմբերի համագործակցությունը դարձնել առարկայական:


23.06.2024
ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: Հայ խորհրդարանականներն այցելել են նաեւ Ուհան քաղաքի արդ...