Տպել
05.04.2023
Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պայմանների խախտումների դեպքերում առաջարկվում է սահմանել վարչական տուգանքներ
1 / 7

Ներկայումս Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ոլորտում գործունեություն են ծավալում շուրջ 53 սերտիֆիկացված  արտադրողներ, սակայն օրգանական գյուղատնտեսության զարգացման եւ արտադրանքի ծավալների ավելացման պոտենցիալը բավական մեծ է: Ներկայացված օրենսդրական նախագծերի նպատակն է առավել նպաստավոր պայմաններ ստեղծել օրգանական գյուղատնտեսությամբ  զբաղվող տնտեսությունների ընդլայնման եւ արտադրանքի ծավալների աճի համար: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ  օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Առաջարկվող օրենսդրական փոփոխության արդյունքում տեղական շուկայում սպառվող օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացումը կիրականացվի Հավատարմագրման ազգային մարմնի կողմից համապատասխանության գնահատում ունեցող կազմակերպությունների միջոցով: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը լիազորվում է օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների նկատմամբ իրականացնել վերահսկողություն, ինչն այսօր չի արվում:

Սահմանվում են վարչական տուգանքներ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պայմանների խախտումների դեպքերում:

Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: