Տպել
24.05.2006
Ուժեղ բանակները` խաղաղության եւ կայունության գրավական

Մայիսի 24-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ,  գեներալ-գնդապետ Սերգեյ Կիրիչենկոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը, Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն եւ այլ պաշտոնական անձինք:

Ողջունելով հյուրերին` ՀՀ Աժ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց Ուկրաինայի զինված ուժերի շտաբի պետի գլխավորած պատվիրակության այցըեւ հանդիպումները Հայաստանում`  թե երկկողմանի, թե տարածաշրջանային հարաբերությունների տեսանկյունից: Նշվեց, որ Հայաստանին եւ Ուկրաինային կապում է ոչ միայն երկու ժողովուրդների հարատեւ բարեկամությունն ու խորհրդային անցյալը, այլ նաեւ շատ հիմնախնդիրներ, որ այսօր լուծում են երկու երկրները, մասնավորապես, զինված ուժերի իրականացվող բարեփոխումների եւ արդիականացման խնդիրները: Իհարկե, ինչպես ավանդաբար ընդունված է, բանակները չպիտիխառնվեն քաղաքականությանը, սակայն խորհրդարանների եւ բանակների համագործակցությունը պարզապես անհրաժեշտ է:Հայաստանի Ազգային ժողովում էլ, որքան էլ քաղաքական ուժերի հայացքների մեջ տարբերություններ լինեն, երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերում միասնական են: Պարոն Թորոսյանը նշեց, որ Հայաստանը եւ Ուկրաինան որոշ հարցերում ունեն տարբեր տեսակետներ, բայց ժամանակն է հարաբերությունների հիմքում դնել ոչ թե տարակարծությունները, այլ` ընդհանրությունները: Մասնավորապես` Ուկրաինան պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին, Հայաստանն ընտրել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների խորացման այլ ճանապարհ, սակայն դա չի նշանակում, որ մենք չունենք այս ուղղությամբ համագործակցության հնարավորություններ:

Պարոն Կիրիչենկոն, որ առաջին անգամ է Հայաստանում, երկու երկրների զինված ուժերի համագործակցության մի քանի ոլորտներ նշեց` ռազմական, ռազմատեխնիկական, կադրերի վերապատրաստման, համատեղ զինավարժությունների, խաղաղապահ առաքելությունների իրականացման: Նա կարեւորեց խորհրդարանների աջակցությունը երկրի պաշտպանունակության ու զինված ուժերի մարտունակության հարցում:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց խաղաղության ամրապնդումը եւ ազգային բանակների մեծ դերը այդ գործընթացում, որովհետեւ որքան մարտունակ ու ուժեղ է բանակը, այնքան պաշտպանված ու ամուր է խաղաղությունը, այնքան մեծ էպատերազմի ու մարդկային ողբերգությունների կանխման երաշխիքը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք կարեւորության նաեւ այլ հարցեր: