Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապրիլի 11-ին հյուրընկալել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը:
Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հայաստանից Արցախ տեղափոխված 19 հայ երեխաների նկատմամբ Ադրբեջանի գործադրած էմոցիոնալ եւ հոգեբանական բռնությունը, որը պետք է ենթակա լինի միջազգային կառույցների թիրախային գնահատականին եւ դատապարտմանը:
Թագուհի Թովմասյանը բարձրաձայնել է նաեւ, որ, ըստ իր ունեցած տեղեկությունների, ոստիկանության Երեւան քաղաքի Էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել անչափահաս ուսանողների, ծեծի ենթարկել եւ խոշտանգել նրանց:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն իր խոսքում նշել է, որ տեղյակ է 19 հայ երեխաներին Արցախ տեղափոխող ավտոբուս ադրբեջանցիների ներխուժման միջադեպի մասին: Նա պատգամավորի նամակներն ուղարկել է ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը բավականին ակտիվորեն ներգրավված է երեխայի պաշտպանության ոլորտը կարգավորող մի շարք կարեւոր օրենսդրական նախաձեռնությունների մշակման աշխատանքներում: Անթույլատրելի եւ խիստ մտահոգիչ համարելով անչափահասների նկատմամբ բռնության միջադեպերը` Քրիսթինե Վայգանդը հույս է հայտնել, որ առաջիկա օրենսդրական փոփոխությունները, որոնց շուրջ իրենք արդեն շահագրգիռ քննարկումներ են իրականացնում, կնպաստեն բռնության կանխարգելման ուղղությամբ առաջընթացի ապահովմանը:
Հանդիպմանը ներկաներն ընդգծել են իրենց պատրաստակամությունը` խորացնել համագործակցությունը` ի շահ երեխաների իրավունքների պաշտպանության: