Տպել
25.04.2023
Աշխատանքային, Հարկային օրենսգրքերում ու «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կկատարվեն
1 / 8

Գործադիրն առաջարկել է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Աշխատանքային օրենսգրքում, ինչպես նաեւ լրացումներ` Հարկային օրենսգրքում ու «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում: Օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 25-ի նիստում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում  հանդիպումներ են եղել շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ. ներկայացված առաջարկների որոշ մասն էլ ընդունվել է: Փոխնախարարի խոսքով նախագծով ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդվածների 45 տոկոսը փոփոխվելու է:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը Ռուբեն Սարգսյանին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար ու հետաքրքրվել, թե ինչու Կառավարությունը չի ընդունել իր առաջարկը, այն է` աշխատանքից չազատելու նախապատվությունը տալ հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց, այլ ոչ միայն զինհաշմանդամություն ունեցողներին, ինչին ի պատասխան` փոխնախարարը նշել է` խնդիրն ավելի մանրամասն քննարկելու կարիք կա:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում հիմնականում տեխնիկական փոփոխություններ են կատարվել ու բեռնաթափել հոդվածի ձեւակերպումները: Նա առաջարկել է կողմ քվեարկել օրենքների նախագծերի փաթեթին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելուն:

Նիստի ավարտին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները կողմ են քվեարկել նաեւ մայիսի 10-ին` ժամը 11:00-ին, խորհրդարանական լսումներ անցկացնելու մասին նախագծին, որի շրջանակում քննարկվելու է «Կամավորական գործունեության եւ կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքը: