Տպել
03.05.2023
Խորհրդարանն ընդունել է քննարկված օրենսդրական նախաձեռնությունները
1 / 4

Մայիսի 3-ի նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:

Օրենսդրական նախաձեռնությունը միտված է բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների բարեփոխմանը եւ նպատակ ունի լուծել մի շարք խնդիրներ: Դրանցից առաջինը գիտության դաշտում վարվող վիճակագրության եւ իրականացվող քաղաքականության համապատասխանեցումն է միջազգային չափանիշներին: Այդ նպատակով սահմանվում են մի շարք հասկացություններ:

Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է կազմավորել Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե` Բարձրագույն որակավորման կոմիտեի, Գիտության կոմիտեի եւ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական վարչության հիմքի վրա:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստացվել են երկու առաջարկներ, որոնք մասամբ ընդունվել են: Գրավոր առաջարկներ էին ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Բաբայանը եւ Սիսակ Գաբրիելյանը: «Առաջարկներից մեկը վերաբերել է գիտական կազմակերպության ղեկավարի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գիտական կազմակերպության ղեկավարի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցման մասով դրույթի ներառմանը, որն ընդունվել է: Երկրորդ առաջարկը եղել է Ակադեմիային վերաբերող դրույթների հետ կապված, ինչին հեղինակը` Կառավարությունը, կանդրադառնա առավել ամբողջական քննարկումների ժամանակ»,- ասել է նախարարը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Խորհրդարանն ընդունել է թե' այս, թե' նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: