Խորհրդարանն այսօր Հայաստանում իշխանության թիվ մեկ մարմինն է, որը ձեւավորում է գործադիր իշխանություն եւ մեծ ազդեցություն ունի դատական իշխանության ձեւավորման վրա. ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը մայիսի 5-ին ճանաչողական այցի շրջանակում Ազգային ժողով այցելած Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը:
Պատգամավորը նշել է, որ այսօր օրենսդիր մարմնի առաջնահերթությունը խորհրդարանական դիվանագիտության ճանապարհով մեր երկրի անվտանգության ապահովումն է: Նա կարեւորել է բանակցային գործընթացում նախաձեռնողի՝ սեփական դիրքերը պաշտպանելու հնարավորությունը:
Պատգամավորն անդրադարձել է նաեւ օրերս Վաշինգտոնում կայացած եռակողմ բանակցություններին:
Անդրանիկ Թեւանյանը խոսել է «Հայաստան» խմբակցության կողմից նախաձեռնած հայտարարությունների եւ քաղաքական դիրքորոշումների, մասնավորապես, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը եւ Շուշիի հռչակագրի դատապարտմանը վերաբերող ԱԺ հայտարարությունների մասին, որոնք չեն ընդունվել քաղաքական մեծամասնության կողմից: Ըստ նրա՝ հանրությունը պետք է համախմբվի այն տրամաբանության շուրջ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Ուսանողները հետաքրքրվել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի, ինչպես նաեւ Իրանի եւ Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերով:
Այս համատեքստում Անդրանիկ Թեւանյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության սահմանները պետք է լինեն պաշտպանված, եւ անհրաժեշտ է զարգացնել ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի եւ Իրանի հետ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ անդրադարձել է Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ նկրտումներին: Նա նշել է, որ մի շարք միջազգային խորհրդարանական կառույցներում ԱԺ պատվիրակության անդամ է եւ այդ կառույցներում խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքների հիմնական խնդիրն Ադրբեջանի թեզերին հակադաձելը եւ Հայաստանի օրակարգն առաջ մղելն է:
Ուսանողներն իրենց դիրքորոշումներն են հայտնել մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, խոսել բանակցությունների գործընթացի, վերջերս Տեղ համայնքում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Աննա Գրիգորյանը կարեւորել է նմանատիպ հանդիպումները եւ խորհուրդ տվել զբաղվել ինքնակրթությամբ: «Մի՛ բավարարվեք միայն այն կրթությամբ, որ տալիս է կրթական հաստատությունը, այլ ամենօրյա ռեժիմով ձեռք բերեք նոր տեղեկատվություն: Միշտ քննադատորեն վերաբերվեք ցանկացած տեղեկատվությանը, որ լսում եք: Քննադատական մտածողությունը հետագա հաջողությունների բանալին է»,- ասել է պատգամավորը:
Ճանաչողական այցով Ազգային ժողով էին այցելել Մայր բուհի ժուռնալիստիկայի, իրավագիտության, քաղաքագիտության, հանրային կառավարման, միջազգային հարաբերությունների, արեւելագիտության, ռադիոֆիզիկայի, երկրաբանության եւ այլ ֆակուլտետների ուսանողներ:
Երեւանում շարունակվում է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը
Սեպտեմբերի 13-ին Երեւանում աշխատանքն է շարունակել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը: Երրորդ նիստը նախագահել է Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների ֆորումի խորհրդի նախագահ Դեն Քարդենը: Ա...
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողով. ուղիղ հեռարձակում
Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ուղիղ հեռարձակումը: Համաժողովի անգլերեն տարբերակը` այստեղ: ...