Տպել
17.05.2023
Դեղատների ներկայացուցիչները դիմել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին. նիստում հանրագիր է քննարկվել
1 / 2

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստում քննարկվել է «Գործող կարգավորումների կատարելագործման (որոշ գործարքների նոտարական վավերացման եւ ծագող իրավունքների պետական գրանցման պահանջների վերացման) վերաբերյալ» հանրագիրը:

«Դեղերի առեւտրով զբաղվող ընկերությունները՝ դեղատները, որպեսզի կարողանան դեղատուն շահագործել, պետք է լիցենզիա ստանան: Լիցենզիայի պայմանների մեջ մտնում է, որ տարածքը որոշակի չափանիշների պետք է համապատասխանի: Լինում են դեպքեր, որ տարածքը կա՛մ սահմանափակումներին չի համապատասխանում, կա՛մ միասնական տեղեկանք ստանալու պահանջին: Մինչդեռ մյուս տնտեսվարողները, օրինակ՝ գեղեցկության սրահները, կարողանում են վարձակալության սահմանափակում չունեցող այլ տարածքներ վարձակալել, քանի որ միասնական տեղեկանք ստանալու պահանջ չունեն: Քննարկման ընթացքում եկանք եզրակացության, որ պետք է գնանք այն ճանապարհով, որ բոլոր կազմակերպություններին բերենք գրանցված շուկա: Պետք է վերացնել բյուրոկրատական քաշքշուկները»,- ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Հանձնաժողովի փոխնախագահը վերահաստատել է, որ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ քննարկելու է՝ որպես դեղատուն աշխատելու համար անշարժ գույքը որոշակի չափանիշների պե՞տք է համապատասխանի, թե՝ ոչ:

«Տնտեսական առումով Քաղաքացիական օրենսգրքում որեւէ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բացակայում է»,- ասել է Բաբկեն Թունյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի եզրակացությունը:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել եզրակացությանը: