Տպել
23.05.2023
Գործադիրը նախատեսում է Քննչական կոմիտեի քննիչներին վճարել ամսական հավելում. ԱԺ-ն նախաձեռնությունը քննարկել է առաջին ընթերցմամբ
1 / 7

Հայաստանում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի մոտ 95 տոկոսը քննվում է Քննչական կոմիտեում: Քրեական գործերի նման քանակական աճի պայմաններում Քննչական կոմիտեի քննիչների օրական աշխատաժամանակը հաճախ հասնում է 12-13 ժամի: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի խոսքով վերջիններս հաճախ աշխատում են ոչ աշխատանքային ժամերի եւ օրերի:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններով Կառավարությունն առաջարկում է Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վճարել ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Պատգամավորները հարցն առաջին ընթերցմամբ քննարկել են մայիսի 23-ի ԱԺ նիստում:

Զեկուցողի տեղեկացմամբ 2020 թվականի դրությամբ Կոմիտեի վարույթում քննվել է 32.483 քրեական գործ, 2021 թվականին` 41.883 քրեական գործ,  2022 թվականին` 59.830 քրեական վարույթ: Եթե 2020 թվականին մեկ քննիչի միջին տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է 73 վարույթ, ապա 2021 թվականին դրանց թիվը կազմել է 87, իսկ 2022 թվականին` 111 վարույթ:

Արսեն Այվազյանի խոսքով նախագծով առաջարկվող կարգավորումները փոխկապակցված են ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության, ինչպես նաեւ 2019-2022 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարության հետ. «Ռազմավարություններից հետեւում է, որ անհրաժեշտ է իրականացնել քննիչների աշխատավարձերի բարձրացում»,- ընդգծել է զեկուցողը:

Արսեն Այվազյանը պատասխանել է պատգամավորների հարցադրումներին: Դրանք վերաբերել են համակարգում ատեստացիայի անցկացման արդյունքում հավելավճարի տրամադրման հնարավորությանը, քննիչների գերծանրաբեռնվածությանը եւ այլն:

Արսեն Այվազյանի տեղեկացմամբ սկսնակ քննիչի աշխատավարձը կազմում է մոտ 300 հազար դրամ, հավելումների դեպքում այն կկազմի շուրջ 570 հազար դրամ: Ի պատասխան պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին` զեկուցողն ընդգծել է, որ քննիչների հաստիքների ավելացումը ծանրաբեռնվածության նվազեցման չի բերելու. «Արհեստավարժ քննիչը հարցաքննություն միջինում իրականացնում է երկու ժամում, իսկ սկսնակը` ավելի դանդաղ: Մենք ունենում ենք քրեական գործերի ծանրաբեռնվածության աճ նաեւ սկսնակ քննիչներով պայմանավորված»,- պարզաբանել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը: Ըստ նրա` ռիսկայնությամբ, գերծանրաբեռնվածությամբ եւ սոցիալական ցածր երաշխիքներով պայմանավորված` համակարգում առկա է արտահոսք եւ կառույցի նկատմամբ պակաս գրավչություն:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումներին, նշել է, որ դրանք Կառավարության` ռազմավարական մոտեցումների մի մասի իրականացումն են: «Մենք` որպես քաղաքական թիմ, բազմիցս հայտարարել ենք, որ պետական ծառայողները պետք է համարժեք աշխատավարձ ստանան, քանի որ նրանց աշխատանքն ուղիղ կապված է ՀՀ զարգացման, կառավարման արդյունավետության բարձրացման հետ»:

Գլխադասային` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը: Նա եւ ելույթ ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանն ու Արմեն Խաչատրյանը ողջունել են նախաձեռնությունը:

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունիսի 1-ից: