Տպել
24.05.2023
Քննարկվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցը
1 / 1

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Աղաջանյանի, Լիզա Գրիգորյանի եւ Կարեն Թումանյանի թեկնածությունները:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի տեղեկացմամբ երեք թեկնածուներից խորհրդարանը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու:

Պատգամավորները հարցը քննարկել են մայիսի 24-ի ԱԺ նիստում:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանը բարձրաձայնել է Կարեն Աղաջանյանի կենսագրական տվյալներն ու գործունեությունը: Թեկնածուն 1998 թվականին ավարտել է Երեւանի «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2016 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Կարեն Աղաջանյանն ունի 23 տարվա մասնագիտական ստաժ, ներկայումս «Համար մեկ փաստաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի տնօրենն է:

Թեկնածուն նշել է, որ բազմամյա աշխատանքային գործունեության ընթացքում ներկայացրել է հարյուրավոր հայցադիմումներ, բողոքներ, դիմումներ, որոնց մի մասը հիմք է հանդիսացել նաեւ իրավակիրառ պրակտիկայի փոփոխությանն ու բարելավմանը, այդ թվում՝ ուղղված Սահմանադրական դատարանին: Զեկուցողն ընդգծել է, որ հանդես է եկել մի շարք օրենսդրական փոփոխությունների առաջարկներով, մասնակցել է  օրենքների մշակմանը, մշտապես կատարելագործել մասնագիտական հմտությունները:

Խոսելով կոռուպցիայի մասին՝ Կարեն Աղաջանյանը նշել է, որ դրա առաջացման պատճառները բազմաթիվ են. դրանց թվում են՝ օրենսդրական անկատարությունը, դժվար հասկանալի ենթաօրենսդրական ակտերի առկայությունը, քաղաքացիների ծանր իրավագիտակցությունը, ինչպես նաեւ նրանց պասիվությունը՝ պայմանավորված հակակոռուպցիոն համակարգի նկատմամբ անվստահությամբ: «Մենք պետք է ուժ գտնենք մեր հասարակության միջից արմատախիլ անելու այդ արատավոր երեւույթը»,- կարծիք է հայտնել զեկուցողը եւ անհրաժեշտ համարել ավելացնել կոռուպցիայի դեմ պայքարի՝ կրթական եւ կանխարգելիչ գործառույթների  իրականացումը: Նշվել է, որ բազում տարիների ընթացքում կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված որեւէ շոշափելի քայլ մեր երկիրը չի կատարել: «Եվ միայն 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Կառավարությունը հստակ քայլեր մշակեց եւ սկսեց դրանք իրականացնել»,- ընդգծել է թեկնածուն:

Ըստ Կարեն Աղաջանյանի՝ ներկայումս դատական համակարգում ամենաբացասական գործոնը դատարանների գերծանրաբեռնվածությունն է, ինչը բացասական ազդեցություն է ունենում նաեւ դատական ակտերի որակի վրա: Համակարգում խնդիրների լուծման հարցում թեկնածուն կարեւորել է դատավորների թվաքանակի ավելացումը, էլեկտրոնային արդարադատության ներդնումը եւ այլն:

Թեկնածուն հավաստիացրել է, որ ընտրվելու դեպքում ներդնելու է իր ամբողջ ներուժը, բազմամյա փորձը՝ բարձր պահելով տրված վստահությունը եւ գործելու է միայն հանուն Հայաստանի Հանրապետության:

Խորհրդարանը կշարունակի հարցի քննարկումը մայիսի 25-ի ԱԺ նիստում: