Տպել
25.05.2023
ԱԺ-ն քննարկել է ՀԾԿՀ անդամի ընտրության հարցը. առաջադրվել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը
1 / 5

Խորհրդարանը քննարկել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրությունը ներկայացրել է խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը:

«Սերգեյ Աղինյանը ծնվել է 1977 թվականին` Երեւանում: 1994-1998 թվականներին ուսանել է ՀՀ ճարտարագիտական համալսարանում, ստացել ճարտարագիտության բակալավրի որակավորում, ծառայել է ԶՈՒ-ում: 2000 թվականից աշխատանքի է անցել ՀԾԿՀ-ում»,- հայտնել է Ծովինար Վարդանյանն ու խնդրել քվեարկել թեկնածուի օգտին:

Սերգեյ Աղինյանը ներկայացրել է հանրային ծառայությունների ոլորտի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, անդրադարձել հետագա անելիքներին ու մոտեցումներին: Նա նշել է, որ բնագավառը տնտեսական, քաղաքական նշանակություն եւ հնչեղություն ունի: Ըստ նրա՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է լավագույնս հավասարակշռի քաղաքացու, տնտեսվարողի ու պետության շահերը եւ լուծի ծագող խնդիրները:

«Վերջին երկու տարիներին հանդես եմ գալիս որպես միջազգային կամավոր փորձագետ, ներկայացնում ՀՀ փորձը ՀԾԿՀ ոլորտում»,- նշել է Սերգեյ Աղինյանը:

Թեկնածուն անդրադարձել է էներգետիկայի բնագավառում կատարված ներդրումներին, բարեփոխումներին, խոսել ջրի սակագնի բարձրացման ու հանձնաժողովի նոր մարտահրավերների մասին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ՀԾԿՀ անդամի թեկնածուից հետաքրքրվել է՝ արդյո՞ք մեկ կիլովատտ հոսանքի տարանցման գումարը 20 դրամ է կազմում: Պատգամավորը հետաքրքրվել է նաեւ՝ հնարավո՞ր է` «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին այլընտրանք լինի, ինչը բնագավառում մրցակցային իրավիճակ կապահովի, որ սակագնի հնարավոր փոփոխությունը տեսանելի լինի:

«Բաշխման մակարդակում, այո՛, մեկ կիլովատտ հոսանքի սակագինը 20 դրամ է, փոխադրմանը` 2 դրամ»,- ասել է Սերգեյ Աղինյանը:

Թեկնածուի խոսքով ՀՀ ջրային համակարգը վարձատվությամբ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին է տրվել, այն ընտրվել է մրցակցային եղանակով` այն ժամանակ ամենացածր գինն առաջարկելով:

Սիսակ Գաբրիելյանի հարցն էլ վերաբերել է քաղաքացու արտադրած էներգիայի վաճառքին:

«Հնարավո՞ր է՝ սպառողն այլ սպառողի էներգիա կարողանա վաճառել»,- հետաքրքրվել է պատգամավորը, ինչին ի պատասխան՝ Սերգեյ Աղինյանն ասել է, որ դա ՀԾԿՀ-ի եւս մեկ կարեւոր ռեֆորմներից է: ՀԾԿՀ անդամի թեկնածուի խոսքով` սպառողն ընդամենը վճարելու է հոսանքի տեղափոխման գումարը. կողմերի միջեւ փոխհարաբերությունները որեւէ կերպ չեն կարգավորվելու:

Բաբկեն Թունյանը նշել է, որ իրեն են դիմում բազմաթիվ քաղաքացիներ` էլեկտրացանցի, ջրի եւ գազի սակագնի թանկացման, փչացած տեխնիկայի մասով, ինքն էլ բոլոր հարցերը վերահասցեագրում է ՀԾԿՀ-ին: Բաբկեն Թունյանն անդրադարձել է նրան, որ ՀԾԿՀ տարեկան բյուջեի 1 տոկոսը, որը կազմում է մոտ 8 մլն դրամ, ուղղվում է հասարակական կազմակերպությունների կրթվածության մակարդակը բարձրացնելուն: Պատգամավորը հետաքրքրվել է` ավելի ճիշտ չի լինի՞, որ ՀԾԿՀ-ի` բյուջեի այդ մասն ուղղվի հասարակության իրազեկվածությունը բարձրացնելուն:

«Իրազեկման մասով ավելի ակտիվ պետք է լինենք, կիսում եմ Ձեր կարծիքը: Պետք է ավելի լավ ու շատ աշխատենք, բայց հասարակության շահերը պաշտպանող ՀԿ-ների կրթվածության մակարդակն ապահովելը եւս շատ կարեւոր է»,- պատասխանելով պատգամավորի հարցին՝  ասել է ՀԾԿՀ անդամի թեկնածու Սերգեյ Աղինյանը:

Արձագանքելով՝ Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ տարեկան 8 մլն դրամ գումարը մի քանի կազմակերպությունների վրա ծախսելը կաթիլ է ծովում, որը կորչում է, եւ այդ գումարը միանվագ այլ տեղ օգտագործելը հնարավոր է՝ ավելի մեծ արդյունք բերի: Պատգամավորը չմտաբերեց նաեւ որեւէ խոշոր նախագիծ կամ փոփոխություն, որը վերաբերում է մեծ թվով մարդկանց, որտեղ սպառողների շահերով զբաղվող կազմակերպությունները միասնական դիրքորոշմամբ հանդես կգան:

Բաբկեն Թունյանը նաեւ կարծիք է հայտնել, որ այս հարցուպատասխանի ձեւաչափը լավ առիթ է, որպեսզի քաղաքացիները տեղեկանան, որ եթե ունեն խնդիրներ «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա», «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ների, հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունների հետ, ապա կարող են դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, քանի որ վերջինս է պատասխանատու բոլոր այդ խնդիրների համար:
 


11.07.2024
Փոփոխություններ են առաջարկվում «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ մի շարք այլ օրենքներում
Խորհրդարանը  հուլիսի 11-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի տեղեկացմամբ փաթեթով ուժը...

11.07.2024
Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սի...

11.07.2024
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները. օրենսդրական փաթեթն արտահերթ նստաշրջանի օրակարգում է
Նախատեսվում է հստակեցնել նույն զորամասում եղբայրների ծառայելու պայմանները: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում` ներկայացնելով ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լր...

11.07.2024
Նոր կարգավորումները վերաբերում են հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության, սպասարկման եւ խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին
Գործադիրը լրացումներ եւ փոփոխություն է առաջարկում Քրեակատարողական օրենսգրքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանն ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման է ներկայացրել հիմնական կարգավորումները: Հիվանդանոցային պայմաններում երկարատեւ բժշկական օգնության,  սպասարկման եւ խնամքի կարիք ունեց...

11.07.2024
Առաջարկվում է Կառավարության կողմից ոլորտային ներդրումային ծրագրերին հավանության արժանացնելու լիազորություն սահմանել
Ազգային ժողովը հուլիսի 11-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգային որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետ՝ քսանչորս ժամվա ընթացքում: ...