Տպել
30.05.2023
Այս տարվա առաջին եռամսյակում էլ աճի տեմպը պահպանվում է` կազմելով 12,2 տոկոս. ԱԺ հանձնաժողովներում շարունակվել են պետական բյուջեի կատարողականի քննարկումները
1 / 15

ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ շարունակվել են 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները:

Բյուջեի կատարման վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարության տեղեկանքը ներկայացնելով` ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ նախարարությունն ունի օրենքով հաստատված 13 ծրագիր եւ 58 միջոցառում, սակայն փաստացի իրականացվել է 12 ծրագիր եւ 63 միջոցառում: Նախարարության տարեկան բյուջեն սահմանվել էր 42,2 մլրդ դրամ, սակայն փաստացի իրականացվել է 53 մլրդ դրամի ծախս: Տարվա ընթացքում ճշտված պլանը կազմել է 55,7 մլրդ դրամ: Ճշտված պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 95 տոկոս: «Եթե համեմատենք 2020 թվականի հետ, ապա Էկոնոմիկայի նախարարության բյուջեն ավելացել է շուրջ 22,5 տոկոսով»,- արձանագրել է նախարարը:

Հարցուպատասխանի ձեւաչափում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը փորձել է հասկանալ, թե որն է ընթացքում Էկոնոմիկայի նախարարության բյուջեի ճշտման եւ հավելյալ գումար հատկացնելու պատճառը:

Նախարարի պարզաբանմամբ կա երկու հիմնական պատճառ. հաճախ նախարարության կողմից իրականացվող սուբսիդավորման ծրագրերն ավելի մեծ պահանջարկ ունեն, քան պլանավորված էր, եւ տարվա վերջին հավելյալ գումարի պահանջ է լինում: Հաջորդը` տարվա ընթացքում տնտեսության այս կամ այն ճյուղին աջակցելու հարցեր են առաջանում, եւ այս ավելացումների մի մասը նաեւ դրանով է պայմանավորված:

«Եթե մենք տնտեսությունից ավելի փող ենք հավաքում, եւ մյուս կողմից այդ փողը չենք ծախսում, ապա Ձեր կարծիքով այս համատեքստում ավելի հարկեր հավաքելը նպատակահարմար է ու ճի՞շտ, եւ արդյոք դա տնտեսությանն ավելի շատ օգնո՞ւմ է, թե` վնասում»,- նման հարց է հնչեցրել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Կարեւորելով հարցադրումը` նախարարը նշել է, որ պատասխանն այս հարցում միանշանակ չէ: «Անցած տարի մեր քաղաքականությունը տնտեսության վրա ունեցել է զսպող ազդեցություն, այսինքն` բյուջետային ազդակը եղել է 2,1 եւ այդ կետով զսպող ազդեցություն ենք ունեցել: Կարելի է հարցնել` սա լա՞վ է, թե` վատ: Կարծում եմ` եթե անցած տարվա համատեքստում նայենք, լավ է, քանի որ եթե այդ զսպող ազդեցությունը չունենայինք, ավելի մեծ գնաճ կունենայինք: Այստեղ այլ հարցեր էլ են առաջանում` արդյո՞ք հարկում ենք այն ճիշտ ոլորտներում, որոնք գերտաքացած են: Այստեղ պատասխանը միանշանակ չէ»,- նշել է Ֆինանսների նախարարը: Այս համատեքստում Վահե Հովհաննիսյանը կարեւորել է հարկային համակարգն առավել ճկուն դարձնելը, որ հնարավոր լինի ավելի արագ արձագանքել տնտեսության արագ փոփոխվող միջավայրին:

Անդրադառնալով այս տարվա առաջին երեք ամիսների կատարողականին` նախարարն ընդգծել է, որ կա կատարողականների խնդիր, ինչը, սակայն, միայն կատարման խնդիր չէ, այլ մասամբ պայմանավորված է եռամսյակային պլանավորման խնդիրներով: «Անցած տարի էլ ունեինք նման վիճակ, բայց տարվա վերջում այդ կատարողականների ցուցանիշներն էականորեն բարելավվեցին, եւ մենք ունեինք շատ ավելի լավ ցուցանիշներ, քան նախորդ տարիներին: Քաղաքականության շնորհիվ տարեցտարի այս ցուցանիշները բարելավվելու ենք: Կապիտալ ծախսերի մասով մեր պլաններն առաջանցիկ տեմպերով են առաջ գնում, եւ մեր կարողությունների զարգացումը կարեւոր մարտահրավեր է: Այս ուղղությամբ էլ մենք հիմա ջանքեր ենք գործադրում, որ մյուս տարի նաեւ նոր մեխանիզմներ ներդնենք այն գերատեսչություններում, որոնք կապիտալ ներդրումներ կատարող են»,- փաստել է զեկուցողը: Նախարարը խոսել է նաեւ կապիտալ ներդրումների մասով իրականացված եւ մարդկային ներուժի ու կարողությունների զարգացման հարցում առաջիկայում նախատեսվող քայլերի մասին:

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծիք է հայտնել, որ հիմնարար հարց է քննարկվում` եթե հարկերը հավաքվում են, ապա ինչո՞ւ չեն ծախսվում: Պատգամավորն ընդգծել է, որ կա զգալի լիկվիդայնության խնդիր:

«Նախորդ տարի Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը եղել է 12,6 տոկոս, որն Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով չորրորդ ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում: Այս տարվա առաջին եռամսյակում էլ աճի տեմպը պահպանվում է` կազմելով 12,2 տոկոս»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` մայիսի 30-ի համատեղ նիստի ընթացքում` ներկայացնելով ոլորտի  նախորդ տարվա կատարողականը:

Ներդրումների վերաբերյալ նախարարը հայտնել է, որ նախորդ տարի, ըստ միջանկյալ տվյալների, ունեցել ենք 1 տրիլիոն 845 մլրդ դրամի համախառն կուտակում, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ 1 մլրդ դոլար, որը ՀՆԱ-ի 5/13 տոկոսն է:

Նախարարի խոսքով նախապես պլանավորված մոտ 42 մլրդ դրամի փոխարեն ոլորտում կատարողականը կազմել է 53 մլրդ 116 մլն դրամ:

Հաշվետու տարում նախարարությունը չի իրականացրել 2 ծրագիր, որոնց համար նախատեսված գումարը վերաբաշխվել է:

Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ նախորդ տարի Հայաստան է ժամանել մոտ 1 մլն 660 հազար զբոսաշրջիկ, կատարվել են զգալի ներդրումներ ենթակառուցվածքներում: «Մենք պլանավորում ենք ընդլայնել այս ծրագիրը` զբոսաշրջային կլաստերների զարգացման ուղղությամբ, եւ մոտավորապես 20 զբոսաշրջային կլաստերի զարգացման ծրագիր է պատրաստվում, որն արդեն մեր հաջորդ տարիների միջնաժամկետ ծախսերի ծրագրով հաստատվել է»,- ասել է նախարարը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նախարարից հետաքրքրվել է` կա՞ արդյոք նման դեպք, երբ իրատեսական եւ հեռանկարային ծրագիրը չի իրականացվում ֆինանսների բացակայության պատճառով: Պատգամավորը նշել է, որ երբեմն նման բողոքներ լինում են գերատեսչությունների կողմից բյուջետային քննարկումների ժամանակ:

«Բնականաբար, կան մշտական քննարկումներ: Երբեմն լինում է այնպես, որ որեւէ ծրագիր չի հաստատվում նույնիսկ լավ հիմնավորված լինելու պարագայում` հաշվի առնելով առաջնահերթությունները եւ բյուջետային սահմանափակումները: Մենք շատ հաճախ ենք խոսում Ֆինանսների նախարարի հետ, թե ինչպես կարելի է բարելավել բյուջետային գործընթացը, որպեսզի  ի վերջո ունենանք շատ ավելի շատ նախագծեր, որոնք ընդգծված են Կառավարության ծրագրում եւ գտնվում են «բահը պատրաստ» վիճակում, որ կարող են ցանկացած պահի, երբ ֆինանսական ռեսուրսների հնարավորություն կա, մտնեն իրագործման փուլը: Եվ այդտեղ պոտենցիալ տեսնում ենք, որ բյուջետային գործընթացը կարող է լավանալ»,- ասել է նախարարը եւ հավելել, որ նախարարությունը պատրաստում է նախագծերը, հիմնավորում, եւ այն պահին, երբ Կառավարությունը դա հաստատում է, գործընկերների հետ պարզում են ֆինանսավորման հնարավոր աղբյուրները: Նախարարի խոսքով դա կարող է լինել ընթացիկ կամ հաջորդ բյուջետային տարում: «Պետք է ասեմ, որ մենք տեսնում ենք մեծ պոտենցիալ կապիտալ ծախսերն ավելի լավ պլանավորելու եւ կատարելու մեջ, եւ դա փորձում ենք հանրային Ներդրումային կոմիտեի գործիքն ամբողջությամբ աշխատացնելու միջոցով»,- ասել է նա: