Տպել
30.05.2023
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ նախատեսող օրինագծի քվեարկությունը հետաձգվել է
1 / 4

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 30-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկված ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով, ըստ հիմնական զեկուցող` ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանի` առաջարկվում է նախատեսել նոր տեսակի` առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ:

Նշվել է, որ վերջիններս, պահպանելով օրենսդրությամբ արդեն իսկ նախատեսված` տառեր եւ թվեր պարունակելու պահանջը, մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից տարբերվելու են տառերի ու թվերի համադրությամբ (օրինակ` ՕՕ++ՕՕՕ եւ դրա տարբեր զուգակցությունները): Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման առաջնահերթության իրավունքը ստանալու համար նախատեսվում է իրականացնել աճուրդ:

Նախագծով սահմանվում են նաեւ տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները եւ հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գները` ըստ չափորոշիչների:

Գործող իրավակարգավորումներով նախատեսված է հաշվառման համարանիշների 3 տեսակ` հերթական, ցանկալի եւ մեծ պահանջարկ ունեցող:

Փոխնախարարի հավաստմամբ այդ համարանիշները հատկացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի վճարման դիմաց, իսկ վերջին երկուսի դեպքում` ըստ հաշվառող անձի նախընտրության, եւ կապված կոնկրետ համարանիշի չափորոշիչից, դրա օգտագործելու առաջնահերթության իրավունքը ձեռք բերելու համար` նաեւ Կառավարության որոշմամբ սահմանված գումարի վճարման դիմաց: Դրանց համար վճարման ենթակա գումարը 36.000 դրամից մինչեւ 8.000.000 դրամ է:

Նշվել է, որ օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է նախատեսել իրավական հնարավորություն` առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ սահմանելու եւ դրանք աճուրդային կարգով օտարելու նպատակով:

Հարակից զեկուցող` հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը ներկայացրել է չիրացված համարանիշների վերաբերյալ վիճակագրություն: Նա մատնանշել է մի շարք դրույթներ, որոնք շտկման կարիք ունեն:

Նախագծի վերաբերյալ հնչել են տարբեր կարծիքներ:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է հարցի քվեարկությունը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով: Այդ ընթացքում համատեղ կքննարկվեն ու լուծումներ կգտնվեն խնդրահարույց հարցերի վերաբերյալ: Հիմնական զեկուցողն ընդունել է առաջարկը: