Տպել
09.06.2006
2007-ի հոկտեմբերին հնարավոր է քննարկել ԵԽ մոնիտորինգի ավարտը Հայաստանում

Հունիսի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբին` ԵԽ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչՌոլանդ Վեգեների գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էինԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ  ներկայացուցիչ Բոյանա Ուռումովան եւԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԽ-ում Հայաստանի ստանձնած պարտավորություններին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, նշելով, որ համագործակցության ամենակարեւոր փուլն է թեւակոխվում, վստահություն հայտնեց, թե աշխատանքների ընթացքը 2007-ի հոկտեմբերին արդեն հնարավորություն կտա քննարկել Հայաստանի մոնիտորինգի ավարտը,երբ կատարված կլինեն սահմանադրական բարեփոխումներին օրենսդրության համապատասխանեցումները եւ խորհրդարանական ընտրությունները բավարարեն միջազգային բոլոր չափանիշներին:

Պարոն Վեգեները, նախկին հաջող համագործակցության ավանդույթներով, հույս հայտնեց, որ հետայսու էլ հանձնախմբի հետ աշխատանքները կշարունակվեննույն ոգով ու արդյունավետությամբ: Նա անդրադարձավ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին` կարեւորելով Վենետիկի հանձնաժողովի դիտողությունները հաշվի առնելը եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը Հայաստանում: Սահմանադրությանը օրենսդրության համապատասխանեցման շրջանակներում` պարոն Վեգեներն անդրադարձավ ռադիոհեռուստատեսության մասին օրենքի փոփոխություններին` ընդդիմության ձայնը լսելի դարձնելու նկատառումով, նաեւ` մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի արդյունավետությանը լուծված հարցերի տեսանկյունից:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ Ազգային ժողովում արդեն ընթացքի մեջ են սահմանադրությանը օրենսդրության համապատասխանեցման աշխատանքները եւ մի քանի օրինագծեր ընդունվել են. եթե դրանց շուրջ Վենետիկի հանձնաժողովի կամ ԵԽ-ի փորձագետների առաջարկություններ լինեն, դրանք անպայման հաշվի կառնվեն եւ փոփոխություններ կկատարվեն օրենքներում արդեն աշնանային նստաշրջանում: Նա պատրաստակամություն հայտնեց աջակցել մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքների արդյունավետությանը, քանի որ նրա խնդիրը Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է, որի համար շահագրգիռ եւ պատասխանատու է նաեւ նրան նշանակած խորհրդարանը:

Նշվեց նաեւ, որ զգալի բարելավվել է ռադիոհեռուստատեսության մասին օրենքը: Մամուլի ազատությանն անդրադառնալով` պարոն Թորոսյանը կարեւորեց զանգվածային լրատվամիջոցներում բազմակարծության ապահովումը, որը հնարավոր կլինի խորացնել Սահմանադրությամբ ամրագրված դրույթների կիրառումն օրենսդրության մեջ: Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո, Ազգային ժողովը կանդրադառնա աշնանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցեր. պարոն Թորոսյանը կարեւորեց երկու երկրներում համապատասխան մթնոլորտի ստեղծումը, որից հետո միայն հնարավոր կդառնա հարցի լուծումը: Նշվեց, որ ադրբեջանական քարոզչամիջոցները ատելության ու պատերազմի իրենց կոչերով չեն նպաստում բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչը լուրջ մտահոգություն է եւ այս հարցում անելիքներ ունի նաեւ ԵԽԽՎ-ն:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: