Հունիսի 14-ի ԱԺ հերթական նիստում քննարկվել է ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններն այդ պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանին` որպես համաձայնեցված թեկնածու:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային փորձը: Ըստ այդմ` Անահիտ Սարգսյանն ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, փաստաբան է, 2017-2019 թվականներին եղել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ, տիրապետում է երեք լեզվի, մի շարք գիտական աշխատությունների եւ հոդվածների հեղինակ է:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, նշելով, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Կառավարության բոլոր նախագծերին դեմ է քվեարկում, հետաքրքրվել է` ո՞րն է նրանց ակնկալիքը, չէ՞ որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից է կախված թեկնածուի ընտրվելը:
Հայկ Մամիջանյանը պատասխանել է, որ Հայաստանի Հանրապետությունը կշահի, եթե թեկնածուն ընտրվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ:
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հարցրել է` արդյոք զեկուցողին չի հետաքրքրում իրենց թեկնածուն կընտրվի՞, թե` ոչ:
Խմբակցության ղեկավարը կրկնել է, որ երկիրը կշահի նման պրոֆեսիոնալ մասնագետի գործունեությունից:
Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվել է, թե 2017 թվականին Հայաստանում քանի մենաշնորհ է եղել:
Ի պատասխան նշվել է, որ 2018 թվականից մինչ այսօր բենզին ներկրող ընկերությունների չափաբաժինը շատ քիչ է փոխվել, շաքարավազ ներկրող խոշոր կազմակերպությունների չափաբաժիններն առհասարակ չեն փոխվել, նույնը վերաբերում է նաեւ հացահատիկին:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ընդդիմադիր խմբակցություններին իր թեկնածությունն առաջադրելու համար, ներկայացրել է իր տեսլականը հանձնաժողովում գործունեություն ծավալելու վերաբերյալ: Նշվել է, որ մրցակցությունը տնտեսության շարժիչ ուժն է: Թեկնածուն շեշտադրել է ազատ ու բարեխիղճ մրցակցության անհրաժեշտությունը, կարեւորել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ հանրությանն իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Նա կողմ է բնական մենաշնորհների վերացմանը, ինչը, ըստ նրա, կնպաստի տնտեսության ակտիվացմանը:
Անահիտ Սարգսյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում առնչվել են տնտեսական մրցակցությանը, մենաշնորհներին, գերիշխող դիրքի չարաշահմանը, հանձնաժողովի գործունեության թվայնացմանը եւ այլն:
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվել է` արդյո՞ք թեկնածուին հետաքրքիր է, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ինչպես է քվեարկելու:
Ի պատասխան` Անահիտ Սարգսյանը նշել է. «Իմ ընտրությունը եւ իմ աշխատանքը հանձնաժողովին, կարծում եմ, օգտակար կլինի»:
Պատգամավորներ Վահագն Ալեքսանյանն ու Արփինե Դավոյանը բարձրաձայնել են տարիներ առաջ սոցիալական ցանցերում թեկնածուի ոչ պատշաճ գրառումները ժողովրդի եւ իշխող քաղաքական ուժի վերաբերյալ:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է` թե ո՞րն է թեկնածուի խորհրդարան գալու իմաստը, երբ ոչ պատշաճ գրառումներ է կատարել մեր ժողովրդի հասցեին:
Թեկնածուի կարծիքով ինքը լավ կաշխատի հանձնաժողովում:
Մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորները հիմնականում անդրադարձել են թեկնածուի նախկինում կատարած նպատակային ոչ պատշաճ արտահայտություններին ու սոցիալական ցանցերում արված գրառումներին:
Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ նիստում: