Տպել
15.06.2023
2022 թ. բյուջեի կատարողականի վերաբերյալ ելույթներ են ունեցել ԱԺ պատգամավորները
1 / 23

Բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում պատգամավորները ելույթներ են ունեցել, որոնց մի մասը եղել է քաղաքական բնույթի: Խորհրդարանականներն իրենց խոսքում անդրադարձ են կատարել ՀՀ սահմաններին, դրանց անվտանգությանը, բանակին, կրթությանը, Արցախի անկախության ճանաչման հնարավորություններին եւ այլ թեմաների:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ալեքսանյանն ու Սերգեյ Բագրատյանը ելույթների ընթացքում խոսել են բեւեռացված հասարակության մասին: Սերգեյ Բագրատյանը նկատել է` ամեն ինչ պետք է անել այն վերացնելու համար, քանի որ դա խանգարում է երկրի առաջընթացին: Պատգամավորը կոչ է արել առնվազն ԱԺ ամբիոնից դուրս հանել ծայրահեղ ատելության խոսքն ու լիցքաթափել երկրում ատելությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւան էլ անդրադարձ է կատարել պետության` ազգային փոքրամասնության խնդիրների մեղմման մասով կատարված աշխատանքներին ու այն անբավարար համարել: Պատգամավորը բացասական է որակել այն, որ Կառավարության տարեկան հաշվետվության մեջ ազգային փոքրամասնությունների խնդիրներին ու նրանց հատկացվող աջակցությանը վերաբերող հատված չկա:

Նույն խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ խոսել է կրթության ոլորտից: Պատգամավորը, մասնավորապես, անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորմանն ու նշել` աշխատավարձի բարձրացումը չպետք է կապվի ատեստացիա անցնելու հետ: Ընդդիմադիր պատգամավորը նկատել է` այն, որ ծրագրի գործարկումից մինչ օրս քիչ թվով ուսուցիչներ են ատեստավորվել, ցույց է տալիս քաղաքականության սխալը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի ելույթի առանցքում է եղել սոցիալական ծառայությունների, խնամքի շուրջօրյա հաստատությունների եւ տարեցների խնամքի հաստատությունների մասին թեման: Պատգամավորն անդրադարձ է կատարել մարդկային կապիտալի զարգացմանը, այդ իմաստով կատարվող ներդրումներին ու վերահաստատել այն միտքը, որ երկրում անկախ կյանքի կենտրոններ պետք է ստեղծվեն եւ անձնական օգնականի ծառայություն ներդրվի:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ի թիվս շատ հարցերի, մեղադրել է Կառավարությանը Հայաստանը ռազմաարդյունաբերական երկրից «բանանային պետության» վերածելու մեջ, ինչին ի պատասխան` Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ելույթում ասել է, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը 2001 թվականին «Պետական գույքի մասնավորեցման մասին» ծրագիր է ստորագրել, որի համաձայն 932 գիտահետազոտական ինստիտուտ ու պետական հիմնարկ է փակվել:

«Որտե՞ղ էիք 2000-ականներին, երբ հազարավոր հաստոցներ Հայաստանից մետաղի ջարդոնի տեղ դուրս էին գալիս: Մե՞զ եք մեղադրում հայաստանյան ընկերությունները մսխելու մեջ»,- ասել է Հակոբ Արշակյանն ու նկատել` Հայաստանը կրկնապատկել է գիտության ֆինանսավորումը, ինչի շնորհիվ տասնյակ հազարավոր գիտնականներ են եկել մեր երկիր:

«Հայաստանը քառապատկել է գիտահետազոտության ֆինանսավորումը: Մեր պաշտպանական կարիքների ահռելի մաս մեր երկրում է արտադրվում: 2000-ականներին չունեիք այդ կամքը, դրա համար նույնը չէիք անում»,- ասել է Ազգային ժողովի փոխխոսնակն ու վերահաստատել` ինքը պաշտպանում է Կառավարության վարած քաղաքականությունը:

Խոսվել է նաեւ Արցախի մեր հայրենակիցներին աջակցելու մասին: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնել է, որ Արցախում Հայաստանի Ազգային ժողովից մեծ ակնկալիքներ ունեն: Խնդիր կա նրանց թեւութիկունք լինելու եւ օգնելու, քանի որ որեւէ մեկը չի վերացրել այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունն է Արցախի երաշխավորը:

«Ես չեմ ուզում, որ ծայրահեղությունների մեջ ընկնենք ու թույլ տանք, որ մեր երեխաները մեր այսօրվա արածները քննադատեն այնպես, ինչպես հիմա մենք ենք քննադատում 1918-1920 թվականների գործողությունները»,- ասել է պատգամավորը:

Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը վեր է հանել թվային ցուցանիշները: «Հայաստանի անկախության պատմության մեջ` մինչեւ 2017 թվականը, երկիրը հավաքել է 2,5 մլրդ դոլարին համարժեք դրամ: 2017 թվականից մինչ օրս հավաքվել է 5 մլրդ-ին համարժեք դրամ: Նախորդ տարի դուք ցույցեր էիք անում, որոնք երկրին տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս պատճառեցին: Չէիք մտածո՞ւմ, որ սնանկ երկիրն իրեն պաշտպանել չի կարող: Դուք քաղաքական կամք չեք ունեցել, դրա համար իշխանություն եղած ժամանակ 2,5 մլրդ-ին համարժեք դրամ եք հավաքել»,- ընդդիմադիրներին ասել է պատգամավորը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն էլ իր ելույթի ընթացքում վերհիշել է Գարեգին Նժդեհի խոսքերը. «ՀՅԴ-ականներն այդպես էլ չդարձան Հայ հեղափոխականների դաշնակցություն, այլ մնացին Հայ հեղափոխական դաշնակցություն», ինչին ի պատասխան` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է. «133 տարի գոյություն ունեցող քաղաքական ուժը շարունակում է լինել, դուք դեռ կարողացեք 133 ամիս ապրեք, հետո նոր խոսեք»:

Ընդդիմադիր պատգամավորի ելույթին արտահերթ ելույթով անդրադարձել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա ընդդիմադիրներին առաջարկել է երկխոսել իշխանության հետ:

«Ձեր կուսակցության 133 տարվա ընթացքում բոլոր իշխանությունների հետ համագործակցել եք, մինչեւ հիմա դեռ չենք կարողանում ձեր համագործակցության արդյունքը մաքրել: Դուք ընդդիմություն չեք, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի փողերով զբաղեցնում եք դաշտն ու չեք թողնում, որ ընդդիմություն ձեւավորվի: Մեզ ընդդիմություն է պետք»,- ասել է Ալեն Սիմոնյանն ու դիմել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին. «Եթե ուզում եք ազդեցություն ունենալ, եթե հետաքրքրված եք ՀՀ շահերով, պետք է գաք ու մեզ հետ խոսեք, պատրաստ ենք նաեւ մենք գալ: Ծանր իրավիճակից հետո ՀՀ ժողովուրդն էլի ընտրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, ուզո՞ւմ եք օգնել երկրին, եկե'ք` խոսենք, ոչ թե անընդհատ նույն սկավառակը պտտեք, երբ սահմանին որեւէ բան է լինում: Դուք մեկ-մեկ այնպիսի հաշվարկներ եք անում, որ չենք էլ հասկանում` այդ մտքերը ձեզ որտեղի՞ց: Պրոցեսները չեն կանգնելու, մենք ունենք ՀՀ ժողովրդի մանդատը, այն կա, քանի դեռ հակառակը չի ապացուցվել: Եկեք ու ասեք` այս առաջարկն ունենք, հարցեր ներկայացրեք. սա է իմ առաջարկը: Մնացած բոլոր դեպքերում մնալու եք լուսանցքում»:

Բաբկեն Թունյանը եւս խոսել է կատարողականի թվային ցուցանիշներից: Խորհրդարանականն անհիմն է համարել ընդդիմադիր պատգամավորի արտահայտած միտքը, ըստ որի` 12,6 տոկոս տնտեսական աճը երկնքից է իջել:

Բաբկեն Թունյանն անդրադարձել է այն մտքին, որ երկրի վարչապետի անվտանգության համար նախատեսվող ծախսերն ավելացել են: «Եթե Նիկոլ Փաշինյանի անվտանգության վրա կատարվող ծախսերն ավելացել են, ապա դրա պատասխանատուն ու մեղավորը դուք եք: Այդ ծախսերն ավելանում են ռիսկերի ավելացման պարագայում»,- նշել է Բաբկեն Թունյանը: