Տպել
15.06.2023
ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվել է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքը
1 / 9

Հունիսի 15-ի ԱԺ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկման է ներկայացրել Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նախարարը տեղեկացրել է, որ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն եղել:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն օրենսդրական նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն:

Խորհրդարանն օրենքների նախագծերի փաթեթն ընդունել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը նշել է, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ բացասական եզրակացություն է տրվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթին:

Փոխնախարարն առաջարկել է դեմ քվեարկել եւ ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն օրենսդրական փաթեթը տեղափոխել գրավոր առաջարկների ներկայացման փուլ:

Պատգամավորները դեմ են քվեարկել նախագծերի փաթեթին, ապա կողմ՝ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին:

Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված, բայց չքննարկված հարցերը կքննարկվեն արտահերթ նստաշրջանում:

ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո ավարտվել է ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի աշխատանքը: