Տպել
16.06.2023
Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի ուսանողների հետ
1 / 11

Եթե մենք չկարողանանք պահպանել Սյունիքի սահմանների անվտանգությունը, չենք կարող պաշտպանել Ղարաբաղը. նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ճանաչողական այցով հունիսի 16-ին խորհրդարան այցելած «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի ուսանողների հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպումը տեղի է ունեցել վերլուծական դասախոսության եւ հարցուպատասխանի ձեւաչափով:

Ուսանողները հարցեր են ուղղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ներկայացնելով հակամարտության պատմությունը եւ դրա վրա ազդող արտաքին գործոնները՝ պատգամավորը նշել է, որ 1988 թվականից ի վեր լուրջ փոփոխություններ են կատարվել ե՛ւ տարածաշրջանում, ե՛ւ աշխարհում, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հակամարտության կարգավորման ընթացքի վրա: Վլադիմիր Վարդանյանի խոսքով այսօր, ուժերի նման անհավասարության պայմաններում, ՀՀ օրենսդիր մարմնի գործունեության կարեւորագույն մասը կազմում է պետության անվտանգության ապահովումը:

Պատգամավորը, հակամարտության միջազգային իրավիճակը նկարագրելիս, անդրադարձել է այն փաստին, որ գոյություն ունեն մի շարք հանգամանքներ, որոնք կանխատեսելի չեն եղել, եւ դրանցից մեկը Թուրքիայի անմիջական ներգրավվածությունն ու մասնակցությունն է հակամարտությանը:

Երիտասարդ իրավաբաններին հետաքրքրել է նաեւ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Վերոնշյալ երկու կարեւոր հարցերը փոխկապակցելով` հանձնաժողովի նախագահն անդրադարձել է գործընթացի բացթողումներին ու խնդիրներին եւ նշել, որ շատ անելիքներ կան: Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի քաղաքացիների դատին հանձնել Սահմանադրության հետ կապված որոշակի առաջարկներ:

Պատգամավորը սիրով պատասխանել է ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի եւս եւ տվել մի շարք խորհուրդներ: