Տպել
13.06.2006
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգանում են բնականոն ճանապարհով

Հունիսի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը  հանդիպեց ՆԱՏՕ-ի ԽՎ Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի Ապագա անվտանգության ու պաշտպանական կարողությունների ենթահանձնաժողովի եւ Անվտանգության քաղաքացիական չափման հանձնաժողովի ժողովրդավարական կառավարման ենթահանձնաժողովների համատեղ պատվիրակությունների անդամների հետ:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը պատվիրակությունների այցը Հայաստան գնահատեց որպես եւս մի քայլ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության ճանապարհին` նշելով, որ այդ հարաբերությունները դինամիկ զարգանում են եւ գոհունակություն հայտնելով դրանց մակարդակից: Նշվեց նաեւ, որ այդ շրջանակներում անհատական գործողություների գործընկերության ծրագիրը ունի բացառիկ նշանակություն: Պարոն Թորոսյանը ՆԱՏՕ ԽՎ-ում Հայաստանի ասոցիացված անդամի կարգավիճակը կարեւոր խթան համարեց հարաբերությունների խորացման համար` կարեւորելով, որ այդ հարաբերությունները զարգանում են ոչ միայն պաշտպանական, այլեւ ժողովրդավարական, քաղաքական ու եվրոպական չափանիշներին օրենսդրության ներդաշնակեցման ուղղություններով: Խորհրդարանի նախագահը այս շրջանը Հայաստանի կյանքում առանձնացրեց իբրեւ 2007-ի եւ 2008-ի համապետական ընտրությունների նախապատրաստման եւ սահմանադրական փոփոխություններին օրենսդրության համապատասխանեցման ժամանակ: Այնուհետեւ պարոն Թորոսյանը պատասխանեց պատվիրակությունների անդամների հարցերին, որ վերաբերում էին թե ՆԱՏՕ-ի ու Հայաստանի հարաբերություններին, թե տարածաշրջանին, թե Ազգային ժողովի աշխատանքներին:

Ապագա անվտանգության ու պաշտպանական կարողությունների ենթահանձնաժողովի նախագահ Վահիթ Էրդեմը իրենց առաքելության մասին նշեց, որ խնդիրը Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների վերանայումն է` նկատի ունենալով, որ աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում ՆԱՏՕ-ն եւս փոխվել է եւ վերածվել է աշխարհում խաղաղության պաշտպանության կառույցի, որը բաց է ցանկացած երկրի համար: Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ պարոն Ֆրենկ Քուքը նախապատրաստելու է տարածաշրջանային զեկույց: Պարոն Էրդեմին հետաքրքրում էր, թե Հայաստանը ինչպես է նախապատրաստվում  ընտրություններին: Ի պատասխան ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը մանրամասնեց, որ խորհրդարանն այժմ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներով է զբաղված, արդեն ստացվել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների կարծիքը, որի քննարկումներից ու քաղաքական ուժերի հետ համաձայնեցումից հետո աշնանային նստաշրջանում Ազգային ժողովը արդեն կընդունի Ընտրական օրենսգիրքը: Պարոն Թորոսյանը նաեւ նշեց, որ որոշ դրույթներ փորձարկվում են, որպեսզի գործողության մեջ ճշտվեն եւ կատարելագործվեն: Ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման համար ԱԺ նախագահը կարեւորեց բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլոտի ստեղծումը եւ բոլոր կուսակցությունների համագործակցությունը:

Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ֆրենկ Քուքը եւս անդրադարձավ վստահության ու համերաշխության մթնոլորտի անհրաժեշտությանը, որը հիմքեր կստեղծի ժողովրդավարական չափանիշներով ընտրությունների անցկացման համար:

Պորտուգալիայի ներկայացուցիչ Վիտալինո Կանասին հետաքրքրում էր, թե Եվրամիության անդամակցությունը իր արտաքին քաղաքական գերակայությունը համարող Հայաստանը չի՞ պատրաստվում նաեւ ՆԱՏՕ-ին անդամակցել: Պարոն Թորոսյանը հիշեցրեց, որ ԵՄ անդամ երկրներ կան, որ ՆԱՏՕ-ի անդամ չեն եւ դա նորմալ երեւույթ է: Նա վերահաստատեց, որ Եվրամիության անդամակցությունը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունն է եւ բոլոր քայլերը ձեռնարկվում են ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ուղղությամբ, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին Հայաստանը որեւէ հայտարարություն չի արել, այլ ասել է, որհետեւողական է հարաբերությունների խորացման ճանապարհին, ինչը եւ արվում է:

Ժողովրդավարական կառավարման հարցերի ենթահանձնաժողովի նախագահ, Բուլղարիայի ներկայացուցիչ Չեթին Կազակը ցանկանում էր պարզել խորհրդարանի դերը ժողովրդավարության խորացման ճանապարհին եւ Հայաստանի հարաբերությունները իր երկու հարեւանների հետ: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ Հայաստանը քանիցս հայտարարել է, որ իր հարեւանների հետ նորմալ հարաբերությունների կողմնակից է` առանց նախապայմաններ առաջադրելու, եւ գտնում է, որ հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ են շփումներ, քննարկումներ, բաց երկխոսություն` քննարկելու բոլոր խնդիրները: Որոշ քայլեր արդեն արվել են ԵԽԽՎ-ում եւ Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնության շրջանակներում, եւ հույս հայտնեց, որ հարեւանները եւս ընդառաջ քայլերի պատրաստակամություն կունենան:

Խոսելով նախապատրաստվելիք զեկույցի մասին` Տիգրան Թորոսյանը նշեց մի շարք դրույթներ, որ անհրաժեշտ է բարելավել. մասնավորապես զեկույցում նշվում էր, որ Հայաստանի «միջազգային համակիրները» համարում են, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, մինչդեռ հարկ է նշել ԵՄ անդամ երկրները եւ Եվրախորհրդարանը, որ ճանաչել են ցեղասպանությունը: Ինչին ի պատասխան ՆԱՏՕ-ի Ապագա անվտանգության ու պաշտպանական կարողությունների ենթահանձնաժողովի նախագահ, Թուրքիայի ներկայացուցիչ Վահիթ Էրդեմը փորձեց ժխտել ցեղասպանության փաստը. նրա կարծիքով` 1915 թվականին ոչ միայն հայերի ցեղասպանություն չի եղել, այլեւ պետական հրահանգ չի եղել հայերին սպանելու եւ խոսք կարող է լինել ընդամենը 400-500 հազար մարդկանց մասին, որոնք ռուսների հրահրմամբ իրենք են հարձակվել թուրքերի վրա: ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ընդմիջեց թուրք պատգամավորի «պատմության դասախոսությունը» եւ նրան կոռեկտության կոչ անելով` անհամատեղելի համարեց նման պահվածքը միջազգային կազմակերպությանշրջանակներում զբաղեցրած պաշտոնի հետ: Տիգրան Թորոսյանը Վահիդ Էրդեմին հիշեցրեց, որ ոչ ցեղասպանությանը, ոչ Եվրախորհրդարանին, ոչ ցեղասպանությունը ճանաչած երկրներին գնահատականներ տալու իրավունք նա չունի: