Տպել
26.06.2023
Առաջարկվում է ընդհանուր իրավասության դատարանին ենթակա գումարի բռնագանձման որոշ քաղաքացիական գործեր հանձնել նոտարների իրավասությանը
1 / 3

Նախաձեռնությամբ առաջարկվում է ընդհանուր իրավասության դատարանին ենթակա գումարի բռնագանձման որոշ քաղաքացիական գործեր հանձնել նոտարների իրավասությանը. ասել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» եւ կից օրինագծերի փաթեթը:

Նախարարի համոզմամբ` դատավորը նման գործերով, ըստ էության, արդարադատություն չի իրականացնում, վեճ չի լուծում, քանի որ նշված գործերը հիմնված են լինում գրավոր գործարքի վրա, որով դատարանից պահանջվում է կայացնել դատական ակտ գումարի բռնագանձման մասին, իսկ պատասխանողը մեծամասամբ չի էլ առարկում ներկայացված պահանջի դեմ:

Զեկուցողը նշել է, որ 2020-2022 թթ. ընդհանուր իրավասության դատարան ներկայացված շուրջ 441 հազար հայցադիմումից մոտ 395 հազարը եղել են նմանատիպ գործեր. «Այս գործերն այժմ քննվում են դատարանում, եւ օրենքը սահմանում է, որ այս վեճերը պետք է լուծվեն 3 ամսվա ընթացքում: Ստացվում է իրավիճակ, երբ դատավորները ծանրաբեռնվում են փոքր գործերով եւ դրա արդյունքում տուժում են նույն դատավորի վարույթում գտնվող այլ կարեւոր գործերը»:

Ըստ Գրիգոր Մինասյանի` վերոնշյալ պատճառներով Կառավարության ծրագրով կարեւոր է համարվել փոքր գործերը դուրս բերել դատարաններից եւ մտածել դրանց այլընտրանքային լուծումների մասին:

«Այս քայլին գնալով` դատավորները հնարավորություն կունենան իրենց ժամանակը եւ ռեսուրսները հատկացնել իրական վեճեր լուծելուն»,- ընդգծել է Արդարադատության նախարարը:

Փաթեթով առաջարկվում է նոտարների իրավասությանը վերապահել միայն այն քաղաքացիական գործերը, որոնցով գումարի բռնագանձման պահանջը չի գերազանցում երկու միլիոն դրամը:

Պատգամավորները հարցն առաջին ընթերցմամբ քննարկել եւ ընդունել են հունիսի 26-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:
 


15.06.2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հունիսի 15-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնե...