Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 26-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվել է Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մինասյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ հիմնական զեկուցող Լիլիթ Մինասյանի` քրեական վարույթի պատշաճ ամրագրման նպատակով առաջարկվում է էլեկտրոնային եղանակով ամրագրման ենթակա տվյալների պահպանության համար օգտագործել սերվերային ենթակառուցվածքներ` միաժամանակ հնարավորություն ընձեռելով դրանք պահպանել շարժական էլեկտրոնային կրիչներում:
Նշվել է նաեւ, որ օրենսգրքի անցումային դրույթների համաձայն` 8-րդ հոդվածով սահմանված վարութային գործողությունների? էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:
Օրենսգրքի 8-րդ եւ մի շարք այլ հոդվածներում առկա են կարգավորումներ, որոնց համաձայն` վարութային գործողությունների տեսաձայնագրության կրիչները կցվում են համապատասխան արձանագրությանը:
Լիլիթ Մինասյանի հավաստմամբ` վերոնշյալ իրավակարգավորումների գործնական կիրարկումն ապահովելու համար իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ օրենքով սահմանված պահանջներն ապահովելու համար քննչական գործողությունների պարտադիր տեսաձայնագրման գործընթացի շրջանակներում տեղեկատվության հավաքագրման, մշակման ու պահպանության համար առավել նպատակահարմար է սերվերային ենթակառուցվածքների օգտագործումը:
Նա նշել է, որ ենթակառուցվածքների զգայունության աստիճանով պայմանավորված` առավել նպատակային է դիտարկվել ամրագրման ենթակա տվյալները սերվերային ենթակառուցվածքներում պահպանելու մոդելը, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել քրեական վարույթի ամրագրումն ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային կրիչներում:
Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը նշել է, որ Կառավարությունը նախագծի վերաբերյալ որեւէ առարկություն չունի եւ կոչ է արել կողմ քվեարկել:
Խորհրդարանն ընդունել է օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ: