Տպել
26.06.2023
Իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված ներկայացվել է օրենսդրական նախաձեռնություն
1 / 1

Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-243-Ն օրենքի դրույթները կենսաթոշակային ապահովության օրենսդրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը Կառավարության նախաձեռնությամբ հունիսի 26-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՊԵԿ քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունքներին առնչվող բոլոր դրույթները, սահմանել ՊԵԿ-ի քննչական մարմնում հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ ունեցած եւ օրենքով սահմանված պայմաններին բավարարած անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանները: «Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաեւ դատավորի, դատախազի եւ քննիչի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակը զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարից հաշվարկելիս, հավելավճարի գումարը հաշվարկել պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով, եթե հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը: Այս դրույթին առաջարկում ենք հետադարձ ուժ տալ»,- մանրամասնել է հիմնական զեկուցողը` առաջարկելով ընդունել նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովն օրենքների նախագծերի փաթեթն ընդունել է առաջին ընթերցմամբ: