Տպել
26.06.2023
Առաջարկվում է երկարաձգել առանց ծնողական խնամքի մնացած անձանց անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը
1 / 3

Ներկայումս բարձրագույն ուսումնական հաստատությունում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները կամ նրանց թվին պատկանող անձինք կարող են անվճար հիմունքներով սովորել մինչեւ 23 տարեկանը լրանալը: Սակայն հաշվի առնելով անձանց բանակ զորակոչվելու եւ վերադարձից հետո կրկին ուսումնառությունը շարունակելու հանգամանքը` երբեմն ստացվում է, որ ակամա տարիքային այդ սահմանաչափը (23 տարեկան) արդեն իսկ գերազանցում է եւ քաղաքացին զրկվում է սոցիալական երաշխիքներից: Այս մասին ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը  հունիսի 26-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում ««Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում:

Փոխնախարարի տեղեկացմամբ` հարցը բարձրաձայնվել է քաղաքացիների կողմից եւ որպես լուծման ենթակա խնդիր` ներկայացվել է թե' Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, թե' Ազգային ժողովին: Այն քննարկվել է նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ:

«Առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում կընդլայնվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող զինվորական ծառայությունից վերադարձած, ինչպես նաեւ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը` 23 տարեկանից հետո մինչեւ ուսումնառության ավարտը: Կապահովվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների անվճար կրթություն ստանալու իրավունքի իրացումը նաեւ նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում», - նշել է նախարարի տեղակալն ու հավելել, որ վերը նշվածից բացի նախագծում կիրականացվեն նաեւ որոշ տեխնիկական շտկումներ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ողջունել է նախագիծն ու ասել, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կյանքը բարելավելու ու աղքատությունից դուրս գալու հնարավորություն է տրվում:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հայտնել է, որ մեր երկրում երկնիշ տնտեսական աճը շարունակվում է: «Քիչ առաջ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մայիս եւ հունվար-մայիս ամիսների վիճակագրությունները, ըստ որոնց` մայիս ամսվա ընթացքում մեր երկիրն ունի 13,7 տոկոս տնտեսական ակտիվության աճ. գնաճը հաշվետու տարում նվազել է 1,3 տոկոսով: Նշված տոկոսով մեր երկիրն աշխարհում ամենացածր գնաճ ունեցող երկրներից մեկն է համարվում: Հունվար-մայիս ժամանակահատվածի համար ՀՀ-ն ունի 13,5 տոկոս տնտեսական ակտիվության աճ, որը հավասար է նախորդ ողջ տարվա տնտեսական ակտիվության աճին», - նշել է Գեւորգ Պապոյանը:

Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ: