Տպել
26.06.2023
Նախաձեռնությամբ առաջարկվում է նոր խմբի պետական գրանցման համարանիշները տրամադրել աճուրդային կարգով
1 / 1

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նոր չափորոշիչներ ունեցող համարանիշները: Դրանք իրենց արժեքով, տառերի եւ թվերի համադրություններով կտարբերվեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշներից. նշել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը` ներկայացնելով ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասինե օրենքի նախագիծը: Այն քննարկվել է հունիսի 26-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:

Ըստ Դավիթ Համբարյանի` առաջարկվում է նոր խմբի պետական գրանցման համարանիշները տրամադրել  աճուրդային կարգով:

Նա տեղեկացրել է, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջարկվել է համարանիշների վաճառքն իրականացնել բացառապես էլեկտրոնային աճուրդի եղանակով: Կառավարությունն ընդունել է առաջարկը. կստեղծվի համապատասխան հարթակ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվել է, թե աճուրդի մեկնարկային գինը ո՞րն է լինելու, ինչին ի պատասխան` զեկուցողը նշել է, որ մեկնարկային գները, աճուրդի կարգը եւ չափորոշիչները պետք է սահմանվեն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:

ԱԺ  պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն անդրադարձել է մոտ 1,5 մլն չվաճառված համարանիշների հարցին: Նրա խոսքով կանխատեսվում է վերանայել բարձր գին ունեցող համարանիշների նախնական գները, իջեցնել դրանք եւ աճուրդային վաճառքի միջոցով հնարավորություն տալ քաղաքացիներին ձեռք բերելու այդ համարանիշները: