Տպել
26.06.2023
Քննարկվել է իգական սեռի քաղաքացիների՝ կամավոր զինծառայություն անցնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը
1 / 1

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ  ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայրի  նշանակման, ծառայության ավատից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

ՀՀ պաշտպանության  նախարար Սուրեն Պապիկյանի տեղեկացմամբ իգական սեռի ներկայացուցիչները ցանկություն հայտնելու դեպքում ծառայելու են վեց ամիս, իսկ դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները: Դիմում ներկայացնելու ժամկետներ են սահմանվում մինչեւ համապատասխան տարվա մարտի  1-ը կամ հոկտեմբերի 1-ը,  դիմողներն իրավունք են ունենալու մինչեւ զորակոչի օրը հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից: Վեց ամիս ծառայելու դեպքում պատվովճարը կազմելու է 1 մլն դրամ, իսկ ծառայությունից առողջական վիճակի հետ կապված վաղաժամկետ ազատվելու դեպքում նշված 1 մլն դրամը բաժանվելու է 6-ամսյա ծառայության ամիսների վրա եւ հատկացվելու է ծառայած ժամկետի չափով:

Նախարարը հայտնել է, որ զորակոչված  իգական սեռի զինծառայողներն առանց վիճակահանության նշանակվում են ուսումնական զորամաս, եւ զինծառայությունն իրականացվում է բացառապես այդ զորամասում: Այդ նպատակով  ընթանում են առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձեւավորման գործընթաց:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխություններ չեն իրականացվել: Օրենքի նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: 
  
Նախաձեռնությունը քննարկվել է Ազգային ժողովի՝ հունիսի 26-ին գումարված արտահերթ նստաշրջանում: