Տպել
07.07.2023
Նախատեսվում է իրավական կարգավիճակ տալ երկու կազմակերպությունների
1 / 3

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 7-ի արտահերթ նիստում քննարկել է ««Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը հայտնել է, որ հարցը վերաբերում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ հայտագրերի փոխանակմամբ համաձայնագրի ստորագրման արարողությանը:

Փոխնախարարի խոսքով ստացվել է այնպես, որ այս երկու կազմակերպությունները, որոնք այսօր գործունեություն են ծավալում Հայաստանում, չունեն իրավաբանական գրանցում: Շուրջ 12 տարի քննարկումներ են ծավալվել այս առնչությամբ, սակայն հարցը չի լուծվել: «Ըստ էության, հարցը վերաբերում է այս կազմակերպություններին իրավական կարգավիճակ տալուն Հայաստանում»,- պարզաբանել է փոխնախարարը՝ հավելելով, որ պաշտոնական կարգավիճակ չունենալը հարկային եւ այլ խնդիրներ է առաջացնում վերոնշյալ կազմակերպությունների համար:

Հանձնաժողովն օրենքի նախագծին դրական եզրակացություն է տվել: