Տպել
14.06.2006
Խորհրդարանականներին ներկայացվեց 2005 թվականի պետական բյուջեի կատարողականը

Ազգային ժողովի հունիսի 14-ի նիստում պատգամավորները  քվեարկությամբ վավերացրին «ՀՀ եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 4159-AM զարգացման վարկի (Վերականգնվող էներգետիկայի ծրագիր)» համաձայնագիրը: Այնուհետեւ շարունակվեց նախորդ նիստում ընդհատված «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ու «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի քննարկումը:

ՕԵԿ պատգամավորներ Վռամ Գյուլզադյանի, Հեղինե Բիշարյանի եւ Մհեր Շահգելդյանը դիտարկմամբ` օրինագիծն ամենեւին էլ կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ չէ: Հեղինե Բիշարյանը նշեց, որ ՕԵԿ-ը դեմ է ժողովրդի շահերին հակասող օրինագծերին:Վռամ Գյուլզադյանին հետաքրքրում էր, թե ինչո՞վ է պայմանավորված օրինագծի ընդունման հրատապությունը, եթե վերջինս գործելու է 2008 թվականից: Իսկ ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը ցանկացավ իմանալ, թե ինչպիսի՞ չափորոշիչներ պիտի լինեն ֆիզիկական անձանց եկամուտների ստուգման համար: Նա կարեւորեց գյուղացիական տնտեսություններում վերապատրաստման համակարգի ներդրումը: Հարցերին ի պատասխան` հարակից զեկուցող Գագիկ Մելիքյանն ասաց, որ նախագծի ընդունումն անգամ ուշացել է, քանի որ օր առաջ եկամուտների հայտարարագրումը եւ հարկերի գանձումը կնպաստեր բյուջեի եկամուտների ավելացմանը եւ անապահով խավի վիճակի բարելավմանը:Իսկ չափորոշիչների կիրառման առումով` Գագիկ Մելիքյանը տեղեկացրեց, որ օրենքի ընդունումից հետո կլինեն կառավարության համապատասխան որոշումներ եւ օրենսդրական նախաձեռնություններ:

ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը խորհրդարանի լիագումար նիստում մերժված օրինագիծը նույն տեսքով ներկայացնելն անընդունելի է համարում: Ըստ նրա` օրինագծի ընդունման նպատակը կոռուպցիայի եւ կաշառակերության ուժեղացումն է երկրում: ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը գտնում է, որ ԶԼՄ-ների եւ հ/կ-ների մասնակցությամբ պետք է կազմակերպվեն խորհրդարանական լսումներ` հաշվի առնելու հասարակական կարծիքը: ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը, ողջունելով նախագծի ընդունումը, նկատեց, որ օրինագծում հաշվի է առնվել միջազգային փորձը: Ստվերի դեմ պայքարում նա կարեւորեց անհատական բարձրաստիճան պաշտոնյաների պատասխանատվությունը, երբ եկամուտների հայտարարագրման հարցում միտումնավոր թերացումը կատարում են նրանց աշխատակիցները:

ՄԱԿ խմբակցության եզրակացությունը օրինագծի վերաբերյալ բարձրաձայնեց խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը` տեղեկացնելով, որ ՄԱԿ-ը կողմ է քվեարկելու օրենսդրական նախաձեռնությանը: Նա ողջունեց պետական հողային կադաստրի գույքագրման գործընթացի զգալի առաջընթացը` հորդորելով կառավարությանը հասարակությանը իրազեկել, որ պետության հետ հարաբերությունները պետք է կանոնակարգել փաստաթղթերով, ոչ թե ծանոթ-բարեկամ սկզբունքով: Պարոն Արսենյանի հավաստմամբ` ՄԱԿ-ը պայքարելու է, որ պետության եւ քաղաքացիների միջեւ փոխհարաբերությունները լինեն թափանցիկ, օրենքով ամրագրված եւ պաշտպանված: Խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ ՄԱԿ-ը օրինագծում առաջարկել է փոփոխություն, ըստ որի` ՀՀ քաղաքացիները հայտարարագրերը լիազոր անձանց միջոցով ներկայացնելու հնարավորություն են ստանում:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն, արտահերթ ելույթում անդրադառնալով քննարկվող օրինագծին, նշեց, որ եւ ինքը եւ ՀՀԿ-ն կողմ են օրինագծի ընդունմանը` իբրեւ կարեւոր միջոց կոռուպցիայի դեմ պայքարում: Կիսելով ՕԵԿ պատգամավորների մտահոգությունը, որ հասարակությունը պիտի իրազեկված լինի խորհրդարանի իրադարձություններին` պարոն Թորոսյանը հիշեցրեց, որ ՕԵԿ-ականներից միայն Գագիկ Ավետյանը չէր քվեարկել օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու համար: Հավաստելով, որ պատգամավորի իրավունքն է քվեարկել իր համոզմունքների համաձայն եւ բարոյական ճնշում ոչ ոք չի կարող գործադրել` բանախոսը ընդգծեց, որ ակնհայտ է դիրքորոշման փոփոխություն 180 աստիճանով:Տիգրան Թորոսյանը մեկ անգամ եւս փաստեց, որ օրենքը տարածվելու է այն մարդկանց վրա, որոնց ամսական եկամուտը կազմում է 1200 դոլարին համարժեք դրամ, ուստի օրենքի ընդունման պարագայում մարդկանց ճնշող մեծամասնությունը չեն լինելու հայտարարագիր ներկայացնողներ: ԱԺ նախագահը, չժխտելով, որ կան հայտարարագրում իրենց եկամուտները թաքցնող ֆիզիկական անձինք, որոնք իրենց եկամուտները ձեւակերպում են այլ մարդկանց անուններով, կոչ արեց բացահայտել հայտարարագրման գործընթացից խուսափող մարդկանց: «Կա հետեւյալը` պե՞տք է ընդլայնել հայտարարագիր ներկայացնողների ցուցակը, անհրաժե՞շտ է, որ ՀՀ քաղաքացիները, ում եկամուտները ավելին են ամսական 1200 դոլարին համարժեք դրամից, ներկայացնե՞ն հայտարարագրեր: Եթե որեւէ մեկը սրան դեմ է, թող ասի` դեմ եմ, որ հարուստ մարդիկ ներկայացնեն հայտարարագրեր, որովհետեւ Հայաստանում 1200 դոլարին համարժեք դրամ կարող են ունենալ միայն հարուստ մարդիկ: Թող ասեն դեմ ենք բացահայտմանը այն մարդկանց, ովքեր իրենց եկամուտները թաքցնում են հարազատ-բարեկամների անունով»,-արձանագրեց պարոն Թորոսյանը: Նա հիշեցրեց պատգամավորներին իրենց պատասխանատվությունը օրենքների ընդունման հարցում` փաստելով, որ սխալ է օրենքների ընդունման պատասխա նատվությունը դնել մեր քաղաքացիների վրա. «Եկեք աշխատենք, կատարենք մեր պարտականությունները` լավ օրենք կընդունենք, մարդկանց կյանքը կբարելավվի, վատ օրենք կընդունենք` կվատանա: Մարդիկ դա են մեզնից ակնկալում: Եկեք միասին աշխատենք եւ վերահսկողության մեխանիզմներ սահմանենք, թույլ չտանք, որ մեր քաղաքացիները ճնշվեն, այլ այն անբարեխիղճ պաշտոնյաները, ովքեր կփորձեն շահարկել այս օրենքի կիրառումը, ենթարկվեն պատասխանատվության»: ԱԺ ղեկավարը հորդորեց պատգամավորներին առաջարկություններ ներկայացնել կառավարությանը, որը պատրաստակամ է համատեղ աշխատանքի: Տիգրան Թորոսյանը արդարացի է համարում, որ 1200 դոլարին համարժեք դրամ եկամուտ ունեցողը հարկեր մուծի, որպեսզի վատ ապրող խավը սոցիալական խնդիրների լուծման համար բյուջեից ստանա իրեն հասանելիք գումարները: «Վստահ եմ` այն մարդիկ, ովքեր առանց պատճառաբանության դեմ են լինելու այս նախագծին, դեմ են լինելու կոռուպցիայի դեմ պայքարին եւ աղքատ մարդկանց լավ ապրելուն»-եզրափակեց ԱԺ նախագահը:

Խորհրդարանակա ններին հաշվետու տարվա բյուջեի կատարման պատկերը ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նա տեղեկացրեց` 2005 թ., ինչպես նախորդող երեք տարիներին, գրանցվել է տնտեսական աճի երկնիշ ցուցանիշ` 14 տոկոս` արձանագրելով, որ նախորդ տարի առաջին անգամ հաջողվել է գերազանցել 1989 թ. ՀՆԱ-ի մակարդակը` 14,1 տոկոսով: Հարկային եկամուտների եւ համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունը, 2004 թ. համեմատությամբ, բարելավվել է 0,3 տոկոսով: Գլխավոր գանձապետը տեղեկացրեց, որ տնտեսական եւ հարկաբյուջետային ոլորտներում իրականացվող քաղաքականությունը դրականորեն է ազդել բնակչության եկամուտների աճի վրա. միջին աշխատավարձը, 2004-ի համեմատությամբ, ավելացել է 17,3 տոկոսով, բյուջետային համակարգում գրանցվել է աշխատավարձի 23,6 տոկոս աճ: Պետական ներդրումները, ըստ կառավարության ներկայացրած հաշվետվության, նախորդ տարի կազմել են 38,4 մլրդ. դրամ եւ ուղղվել հիմնականում տրանսպորտային ենթակառուցվածքների, ոռոգման համակարգի զարգացմանն ու դպրոցների հիմնանորոգմանը: Ընդհանուր տարեկան ներդրումները աճել են 31 տոկոսով: Տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով ծրագրված էր 375 մլրդ. դրամի եկամուտ եւ դրամաշնորհ. փաստացի բյուջե է մուտքագրվել 374 մլրդ. դրամ: Հարկային եկամտային մուտքերը հաշվետու տարում ավելացել են 24 տոկոսով` պայմանավորված ոչ թե հարկատեսակների դրույքաչափերի ավելացմամբ, այլ տնտեսական աշխուժությամբ եւ հարկահավաքման վարչարարության բարելավմամբ: Բարձրացել է նաեւ հարկային գերավճարներ արձանագրած տնտեսավարողներին հարկերի վերադարձման ցուցանիշը. պետությունը այս ժամանակահատվածում վերադարձրել է 16,2 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատությամբ կրկնակի ավելի: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ բյուջեի ծախսային մասը կատարվել է 97,1 տոկոսով. բյուջետային միջոցներից նախորդ տարի ծախսերին է ուղղվել 417,5 մլրդ. դրամ: 12 մլրդ. դրամի շեղումը Ատոմ Ջանջուղազյանը բացատրեց արտաքին աղբյուրների` վարկերի ու դրամաշնորհների հաշվին իրականացվող ծրագրերի թերակատարմամբ: Մասնավորապես` չի ստացվել Համաշխարհային բանկի` Աղքատության կրճատման աջակցության երկրորդ վարկի մասնաբաժինը` 10 մլրդ դրամը: Առանձին դեպքերում եղել են նաեւ տնտեսումներ: 2004-ի համեմատությամբ` ծախսերի աճը կազմել է 25 տոկոս: Կրկին արտաքին միջոցների թերֆինանսավորմամբ պայմանավորված`  բյուջե-2005-ը կատարվել է 42,8 մլրդ. դրամ պակասուրդով` նախատեսված 54,6-ի փոխարեն: 2004 թ. համեմատությամբ` պակասուրդի ընդհանուր մեծությունն աճել է 34,8 տոկոսով: Գլխավոր գանձապետը հավաստում է, որ պակասուրդի կառուցվածքում որոշակի փոփոխություն է նկատվում. ավելացել է ներքին աղբյուրներից ֆինանսավորման ծավալը: Արտաքին պետական պարտքը անցյալ տարեվերջին եղել է 1 մլրդ. 99 մլն. դոլար: 2004 թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 1 մլրդ. 182 մլն դոլար: Արտաքին ապրանքաշրջանառությունը, ըստ կառավարության հաշվետվության, կազմել է 2 մլրդ, 718 մլն. դրամ:

Բյուջետային գործընթացում կառավարությունը որոշ նոր տարրեր է ծրագրում ներդնել: Արդեն իսկ 2005թ. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջոցով կիրառվել է ծրագրային բյուջետավորման մոդելը, երբ շեշտադրումը կատարվում է վերջնական արդյունքի վրա եւ ծախսերի կատարումը բնորոշվում է ոչ ֆինանսական ցուցանիշներով:  Գործադիրը նպատակ ունի ընդլայնել այս մոդելը եւ 2006-ին կիրառել սոցիալական ուղղվածություն ունեցող գերատեսչություններում:

Պատասխանելով պատգամավորների հարցերին` պարոն Ջանջուղազյանը նշեց, որ ստվերի չափերի պաշտոնական տեղեկություն չի կարող լինել, քանզի դա կնշանակի` պաշտոնապես տվյալների առկայության պարագայում միջոցներ չեն ձեռնարկվում վերացման համար: Անդրադառնալով դրամ-ԱՄՆ դոլար փոխարժեքի տատանումներին` գլխավոր գանձապետը տեղեկացրեց, որ 2006 թ. բյուջեի մասին օրենքով` փաստաթղթում 420 դրամ հաշվարկային փոխարժեք է սահմանված մեկ դոլարի համար. անհրաժեշտության դեպքում փոփոխությունները կքննարկվեն եւ կներկայացվեն պատգամավորներին: 2005 թվականին ծախսային մասում թերակատարումը պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարման ցածր մակարդակով եւ տնտեսումների հետեւանքով:

Երրորդ ընթերցմամբ քննարկվեցին «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», իսկ երկրորդ ընթերցմամբ` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը:

Ըստ ԱԺ կանոնակարգի` վերջին նիստը նվիրված էր պատգամավորներ-կառավարություն հարցուպատասխանին: ԱԺ եռօրյա նիստը ավարտեց աշխատանքները: