Տպել
11.07.2023
Նախատեսվում է սահմանել, թե որ դեպքերում պարտադիր չի լինի հյուսվածքաբանական կամ ձեւաբանական հետազոտության ուղարկել մարդու օրգանիզմից հեռացված որեւէ օրգան, հյուսվածք կամ հեղուկ
1 / 2

Այս իմպերատիվ նորմի արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ, օրինակ, մարդու հեռացված ատամը պետք է ուղարկվեր ձեւաբանական հետազոտության եւ պահպանվեր երկու տարի ժամկետով: Եվ նման օրինակները բազմաթիվ են: Նախագծով լիազոր մարմնին հնարավորություն ենք տալիս բացառություններ սահմանել, թե որ դեպքերում պարտադիր չի լինի հյուսվածքաբանական, ձեւաբանական հետազոտության ուղարկել մարդու օրգանիզմից հեռացված որեւէ օրգան, հյուսվածք կամ հեղուկ. պարզաբանել է նախագծի համահեղինակ Նարեկ Զեյնալյանը՝ ԱԺ հուլիսի 11-ի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր եւ Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նարեկ Զեյնալյանը հայտնել է, որ նախագծի մշակումը բխում է գործող օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասում արձանագրված՝ կենդանության օրոք մարդու մարմնից հեռացված ցանկացած օրգան, հյուսվածք կամ հեղուկ ձեւաբանական հետազոտության ենթարկելու պահանջի պարտադիր լինելու հանգամանքով:

Կառավարության դրական կարծիքը նախաձեռնության վերաբերյալ ներկայացրել է Առողջապահության  նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը:

Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ: