Տպել
11.07.2023
Առաջարկվող նախագծով Հայաստանում կբարելավվի դեղերի շուկայի գործունեությունը
1 / 4

Առաջարկվող նախագծով Հայաստանում որոշակիորեն կբարելավվի դեղերի շուկայի գործունեությունը, ինչը դեղերի որակի բարձրացմանն ուղղված քայլ է: Այս մասին ասել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Փոփոխության անհրաժեշտությունը ծագել է այն հանգամանքից հետո, երբ Տեսչական մարմինը դեղատներում հայտնաբերել է դրոշմապիտակավորված, սակայն ՀՀ-ում չգրանցված, անօրինական ներկրված դեղորայք:

Պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:

Առաջարկվող կարգավորումներով ներմուծվող դեղամիջոցը կօտարվի ներմուծման հավաստագրի (համապատասխանության)` նմուշառման եւ փորձագիտական դրական եզրակացություն ստանալուց հետո` նպաստելով ՀՀ-ում շրջանառվող դեղերի անվտանգության բարձրացմանը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով ՊԵԿ-ը հնարավորություն չունի ստուգելու ներկրման հավաստագրի փաստը, առկայությունն ու իսկությունը:

«Նախատեսվում է ինտեգրել Առողջապահության նախարարության եւ ՊԵԿ-ի համապատասխան համակարգերը, որպեսզի ՊԵԿ-ը կարողանա ստուգել ներկրման հավաստագրի առկայությունը եւ հավաստիանալ, որ նախարարությունն իսկապես թույլատրել է ապրանքատեսակի ներկրումը Հայաստան, որից հետո կտրամադրվեն համապատասխան դրոշմապիտակներ: Դրոշմապիտակի մերժման հիմքերում ավելացվել է այդ հավաստագրի բացակայությունը: Դրոշմապիտակավորման ենթակա ապրանքների ցանկում ավելացվել է երկու ծածկագրով դեղորայք եւ դեղանյութ, որոնք բացակայում էին ցանկից»,- մանրամասնել է Նարեկ Զեյնալյանը:

Խաչատուր Սուքիասյանը հետաքրքրվել է` արդյո՞ք ժամկետ ֆիքսված է նմուշառության, ԱՆ պատասխանի եւ ՊԵԿ-ի` դրոշմապիտակ տրամադրելու համար: Նարեկ Զեյնալյանը նշել է, որ դրոշմապիտակ տրամադրելու համար սահմանվել է եռօրյա ժամկետ` շեշտելով, որ սահմանվել են ողջամիտ ժամկետներ: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ ներկրման հավաստագիր ստանալու համար ԱՆ դիմելու եւ ՊԵԿ-ից դրոշմապիտակ ստանալու հայտը լրացնելիս պարտադիր նշվելու է դեղի պիտանելիության ժամկետը:

Հարակից զեկուցող, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ նախագիծը քննարկվել է Կառավարության, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչության համապատասխան մասնագետների, դեղերի մանրածախ եւ մեծածախ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների, ինչպես նաեւ դեղագործական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով Առողջապահության նախարարությունը 7-օրյա ժամկետում պետք է տրամադրի ներմուծման հավաստագիր: 

Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ: