Տպել
16.06.2006
Հնդկաստանի դեսպանը խորհրդարանում

Հունիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Րինա Պանդեյին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական կապերի խորացման հարցեր: Տիկին Պանդեյը, նշելով Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ քաղաքական ու տնտեսական գործուն կապերի առկայությունը, պաշտոնական այցով ԱԺ նախագահին հրավիրեց Հնդկաստան` օրենսդրական փորձին, խորհրդարանական գործունեությանը առավել սերտ ծանոթանալու եւ միջպետական հարաբերությունների ամրապնդման համար: Նա կարեւորեց նաեւ միջազգային ասպարեզում հայ եւ հնդիկ խորհրդարանականների համագործակցությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, հրավերի համար շնորհակալություն հայտնելով, դեսպանին իրազեկեց այն մեծածավալ օրենսդրական աշխատանքների մասին, որոնց, սահմանադրության հանրաքվեից հետո, ձեռնամուխ է եղել խորհրդարանը` խնդիր ունենալով հասարակական-քաղաքական բարեփոխումները  հասցնել տնտեսական հաջողությունների մակարդակին, որոնք արձանագրում են նաեւ միջազգային փորձագետները: Նշվեց նաեւ, որ 2007-ի գարնանը սկսվում է նախընտրական շրջան խորհրդարանի համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանում սովորող հնդիկ ուսանողների հետ կապված միջադեպին եւ մամլո հրապարակումներին: Երկուստեք նշվեց, որ միջադեպն արդեն հարթված է եւ որեւէ կերպ չի կարող ստվերել հայ-հնդկական բարեկամությունը: