Տպել
16.06.2006
Օգնել անհայտ կորածների որոնումներին

Հունիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը`  Իվ Առնոլդի ղեկավարությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին անհայտ կորած անձանց որոնումներին եւ նրանց ընտանիքներին ցուցաբերվող աջակցության խնդիրները: Կարեւորելով հարցի քննարկումը մարդասիրական հարթության վրա եւ քաղաքական շահարկումներից զերծ պահելը` ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց, որ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ ազգաբնակչության հարցերի հանձնաժողովի Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում կորած անձանց հարցերով զեկուցող Լեո Պլատվոյետը իր հանդիպումներում ընդգրկել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչներին. հարցը կարեւորվում է նաեւ նրանով, որ անհայտ կորածները հիմնականում ԼՂՀ բնակիչներ են եւ տեղում պետք է ծանոթանալ իրավիճակին ու ընտանիքների խնդիրներին` օգնությունն առավել ռեալ դարձնելու համար:

Պարոն Առնոլդը կարեւորեց երկխոսության ու համագործակցության ամրապնդումը, նա նշեց, որ անհայտ կորածների որոնումը տեւական գործընթաց է եւ իրենց կազմակերպությունը հնարավորն անում է մեծ թվով մարդկանց որոնումներում ընդգրկելու եւ ընտանիքներին  աջակցելու համար, որպեսզի նրանք զգան, որ մենակ չեն իրենց դժբախտության մեջ: Նա նաեւ տեղեկացրեց ԱԺ նախագահին, որ անհայտ կորածների խնդիրների վերաբերյալ աշնանը տեղի կունենա կլոր սեղան, որի քննարկումների ժամանակ կլսվի նաեւ Հայաստանում այդ հարցերով զբաղվող միության զեկույցը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային հարցերով միջազգային մասրդասիրական իարվունքի խթանման հարցերի բաժնի վարիչ Ֆիլիպ Զաքեն էլ նշեց, որ պատրաստվում է մոդելային օրենք ԱՊՀ անդամ պետությունների համար եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել խորհրդարանին` օրենսդրական խնդիրների լուծման առումով:

Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նաեւ այլ հարցերի: