Տպել
21.08.2023
Մեկնարկել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագիրը
1 / 45

Կրթությունն ու նորարարությունը կարեւոր առաջնահերթություն են Հայաստանի Հանրապետության համար: Ցանկանում եմ, որ ձեր գաղափարներն ու ծրագրերն իրականացնեք ճիշտ ժամանակին. ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը՝ խորհրդարանում ողջունելով «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին: Դավիթ Առաքելյանը շնորհավորել է «Ամառային դպրոցի» նախորդ տարվա մասնակիցներին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու կապակցությամբ՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը ջանք չի խնայում կրթության որակը բարձրացնելու հարցում: Նախորդ տարվա շրջանավարտները կամավորության սկզբունքով կաջակցեն այս տարվա «Ամառային դպրոցի» կազմակերպչական աշխատանքներին:

Ծրագրին մասնակցում է շուրջ 600 դիմորդից մրցութային փուլը հաղթահարած ՀՀ դպրոցների ավագ դասարանների 60 աշակերտ:

Մասնակիցների հետ հանդիպման ընթացքում Դավիթ Առաքելյանն ընդգծել է մասնագիտության ընտրության կարեւորությունը՝ հույս հայտնելով, որ ծրագրի շրջանակում նրանք կստանան բազմաթիվ հարցերի պատասխաններ, ձեռք կբերեն համընդհանուր գիտելիքներ:

Դասընթացների առաջին օրն աշակերտները հանդիպել են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը:

Աշակերտների հետ հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ոչ ֆորմալ կրթական ծրագրերի ընդլայնմանը, ավագ դպրոցներում ուսումնական ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին, մարզերում որոշ առարկաների գծով ուսուցիչների համալրման գործընթացին: Նա կարեւորել է նախարարության կողմից կրթությունը խրախուսող հոլովակների եւ քարոզչական այլ նյութերի պատրաստումն ու ցուցադրումը, որը լրացուցիչ խթան կհանդիսանա երիտասարդների շրջանում կրթության արժեւորման եւ տարածման գործում: Նախարարը խոսել է նաեւ ավագ դպրոցներում ուսուցման նոր մեթոդների, մասնավորապես, անհատականացված ուսուցման ձեւերի կիրառման մասին:

Նախարարը պատասխանել է աշակերտների՝ ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերին: Ժաննա Անդրեասյանը, կարեւորելով նախարարին կից գործող աշակերտական խորհրդի դերը, նշել է. «Ի դեմս  աշակերտների՝ կրթական համակարգում մենք ունենք ներուժ, որն արդյունավետ չենք օգտագործում: Մենք հակված ենք աշակերտներին վերաբերվել որպես կրթական համակարգի հիմնական շահառու, բայց դուք դրա լիարժեք մասնակիցն եք: Իրականում կրթությունը ձեր օգնությամբ կարող է դառնալ շատ ավելի լավը: Կարծում եմ՝ փոփոխությունների մեջ դուք ամենալավն եք տեսնում այն խնդիրներն ու բացերը, որոնք կարելի է լավարկել ու վերանայել»:

Օրվա երկրորդ հանդիպումը եղել է պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ: Խորհրդարանականը խոսել է քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության մասին, ներկայացրել Հայաստանի խորհրդարանի պատմությունը՝ 1918 թվականից մինչեւ մեր օրերը, անդրադարձել Ազգային ժողովի շենքի կառուցման պատմությանը:

«Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցները շրջել են խորհրդարանում, այցելել Ազգային ժողովի թանգարան ու գրադարան, եղել ԱԺ նիստերի դահլիճում:

Երկշաբաթյա հագեցած եւ բովանդակալից դասընթացի շրջանակում աշակերտները կհանդիպեն պատգամավորների, բարձրաստիճան պաշտոնյաների, ԱԺ աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովող ստորաբաժանումների ղեկավարների հետ: