Տպել
05.09.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների փորձաքննության անցկացման կարգը կսահմանի Կառավարությունը
1 / 2

Նախաձեռնությամբ առաջարկվում է օրենքում սահմանել դրույթ, համաձայն որի՝ հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը: ««Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում:

Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ նշված դրույթը նաեւ կհանդիսանա որպես լիազորող օրենսդրական նորմ՝ համապատասխան գործընթացների իրականացման համար:

Նշվել է նաեւ, որ առաջարկվող իրավակարգավորումների ընդունմամբ առավել կբարելավվի երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման բնագավառում փորձագիտական եզրակացություն տրամադրող մարմինների գործունեությունը:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: