Տպել
05.09.2023
Ծառայողական մեքենաների սահմանաքանակների, սահմանաչափերի, քսայուղերի, վառելիքի եւ այլ չափորոշիչներին ներկայացվող պահանջների վերաբերյալ լիազորող նորմ կսահմանվի
1 / 3

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով լիազորող նորմ է սահմանվում, որը հնարավորություն կտա Կառավարությանը ծառայողական մեքենաների սահմանաքանակների, սահմանաչափերի, քսայուղերին, վառելիքին եւ այլ չափորոշիչներին ներկայացվող պահանջներ սահմանելու վերաբերյալ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 5-ի նիստի ընթացքում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Փոխնախարարը պարզաբանել է, որ այս ամենը Կառավարության որոշմամբ սահմանված է, պարզապես խնդիր է այն, որ օրենքում բացակայում է լիազորող նորմը:

Նախագծով նախատեսվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին լիազորություն վերապահել պետական շարժական գույքը հաշվառելու եւ էլեկտրոնային գրանցամատյան վարելու համար:

Նախագծի ընդունման արդյունքում լիազորող նորմ կսահմանվի «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում, որը կլիազորի ՀՀ կառավարությանը հաստատելու պետական գույքի չափորոշիչները մեկ միասնական իրավական ակտով, ինչպես նաեւ հաշվառելու պետական շարժական գույքը:

Պատգամավոր Արսեն Թորոսյանը փոխնախարարից հետաքրքրվել է՝ ինչպիսի՞ն է Կառավարության դիրքորոշումն առանց բենզինի կամ դիզվառելիքի աշխատող մեքենաներ, այսինքն՝ էլեկտրական ավտոմեքենաներ ձեռք բերելու վերաբերյալ: «Էլեկտրամոբիլների կիրառումը ծառայողական նպատակներով քննարկվել է Կառավարությունում, նույնիսկ որոշակի գործընթաց ենք այդ ուղղությամբ ունեցել: Հարցը քննարկվել է մի քանի անգամ եւ նույնիսկ որոշակի տեխնիկական բնութագրեր են այդ մասով մշակվել, սակայն այս պահին, թե, օրինակ, 2024  թվականի հունվարի 1-ից կանցնենք էլեկտրամոբիլների, չեմ կարող հստակ պատասխանել»,- պարզաբանել է զեկուցողը՝ ներկայացնելով հարցի հետ կապված խնդիրները: Նշվել է, որ հարցը Կառավարության օրակարգում է:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Կառավարության հեղինակած ««Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը՝ կից օրենսդրական փաթեթով, մինչեւ երկու ամսով հետաձգվել է: