Տպել
07.09.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ համապատասխանեցվում են առողջապահության ոլորտին առնչվող օրենսդրության իրավակարգավորումները
1 / 4

Փոփոխություններ եւ լրացումներ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում՝ պայմանավորված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի՝ մարտի 4-ի ՀՕ-42 օրենքում 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքով կատարված փոփոխությամբ, որի համաձայն՝ օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ, եւ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ օրենսգրքի 47.1-ին հոդվածի 2-րդ մասում՝ համապատասխանեցնելով նշված օրենքների իրավակարգավորումները:

Հիմնական զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը նշել է, որ բացի այդ՝ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով ախտաբանաանատոմիական գործունեությունն իրականացվում է ձեւաբանական հետազոտությունների եւ ախտաբանաանատոմիական դիահերձումների միջոցով, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխանեցնել վերոնշյալ իրավակարգավորումները:

Նշվել է նաեւ, որ առաջարկվող փոփոխությունները տեխնիկական բնույթի են:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 7-ի նիստում: