Տպել
11.09.2023
ԱԺ նիստում քննարկվել է Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը մասնավորեցման ցուցակից հանելու եւ ԿԳՄՍՆ-ին հանձնելու մասին հարցը
1 / 4

Հաշվի առնելով հանրապետությունում մարզակառույցների սղությունը՝ առաջարկում ենք մասնավորեցման ցուցակից հանել եւ ՀՀ ԿԳՄՍՆ-ին հանձնել Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը, որը երկար տարիներ ծառայել է հայկական սպորտին՝ ուսումնամարզական հավաքների եւ մարզումների համար. այս մասին ԱԺ նիստի ընթացքում ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի զեկուցման ընթացքում:

Փոխնախարարը հայտնել է, որ մարզակառույցն ունի մոտ 60 հոգու համար նախատեսված ննջարանային մասնաշենք, 1600 քմ տարածքով 2 մարզադահլիճ, որոնցից մեկը հարմարեցված է գեղարվեստական մարմնամարզությանն ու ակրոբատիկային, մյուսը՝ մենապայքարային մարզաձեւերին:

«Այն անչափ կարեւոր կառույց է մեզ համար. այդպիսի դահլիճներով այլ մարզահամալիր ՀՀ-ում չկա»,- ասել է Կարեն Գիլոյանն ու հավելել, որ կարգավորումների համաձայն կհիմնվի նաեւ մարզիկների համար նախատեսված առողջավերականգնողական կենտրոն:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նախարարի տեղակալից հետաքրքրվել է՝ ե՞րբ է մարզակենտրոնը մասնավորեցման ցուցակում հայտնվել եւ արդյո՞ք արդեն ներդրումային ծրագրեր կան, ինչին ի պատասխան՝ Կարեն Գիլոյանը հայտնել է, որ Կառավարության կոմիտեի նիստի ժամանակ դեմ է արտահայտվել մարզակենտրոնը վաճառելուն, որոշվել է գնալ այլ ճանապարհով ու կենտրոնը ծառայեցնել հայկական սպորտին: Փոխնախարարն ուրախությամբ փաստել է նաեւ, որ հայկական սպորտը մասնավոր ներդրողների մոտ հետաքրքրություն է առաջացրել, կենտրոնը կառուցելու համար մի քանի ծրագրերով ԿԳՄՍՆ-ին արդեն դիմել են:

Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ նշել է, որ մի քանի մարզական կառույցներ տրվել են մարզական հկ-ներին, որոնց մի մասը օտարվում են ու տեղում էլիտար շենքեր կամ առեւտրի կենտրոններ կառուցվում: Պատգամավորը հետաքրքրվել է՝ այս մասով ԿԳՄՍՆ-ն որոշակի քայլեր ձեռնարկո՞ւմ է:

«ՀԿ-ների հետ որոշակի խնդիրներ ունենք, որոնք պետք է հասկանանք ու հարցերին լուծում տանք: Ժամանակին պետական կամ համայնքային պատկանելիության որոշ մարզադպրոցներ ապօրինաբար մասնավորեցվել են ու ներկայումս այլ նպատակի են ծառայում: Անընդհատ հետեւում ենք, որ այդպիսի գործընթաց այլեւս չկրկնվի»,- ասել է փոխնախարարը:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ մարզակենտրոնը մասնավորեցման ցանկում հայտնվել է 2017 թվականից առաջ եւ որ այդ մասով դատական գործեր կան: Պատգամավորը հայտնել է, որ նպատակն արդարացված է, ինչի համար համապատասխան հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: