Տպել
12.09.2023
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը. խստացվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների եւ ինժեներական կառույցների վնասման, ճանապարհից օգտվելու կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցները
1 / 8

Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրինագծերը, այնուհետեւ շարունակել մյուս նախագծերի քննարկումը:

«Թեեւ նախագծերը նպատակ ունեն խստացնել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների եւ ինժեներական  կառույցների վնասման, ինչպես նաեւ ճանապարհից օգտվելու կարգի խախտման համար օրենսդրությամբ նախատեսված  պատասխանատվության միջոցները, սակայն դրանց սահմանման առաջնային նպատակն է կանխել նոր իրավախախտումներ կատարելը, բարձրացնել հանրային պատասխանատվությունը»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը`  Ազգային ժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել ճանապարհների եւ ճանապարհային ենթակառուցվածքների վնասման հետեւանքով պետությանը հասցված վնասի համար նախատեսված տուգանքների չափերը եւ խստացնել պատասխանատվության միջոցները:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է տուգանքների չափերի բարձրացման չափորոշիչներով: «Կա՞ արդյոք Կառավարությունում որեւէ ունիվերսալ մոտեցում, թե տուգանքներն ինչքանով ավելացնել: Հիմա Ձեզ մոտ 3 անգամ էր՝ 50-ից 150, 25-ից 75 եւ այլն»:

Փոխնախարարը պարզաբանել է, որ չափորոշիչների սահմանման հարցում փորձել են գնահատել իրավախախտման հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաեւ ուսումնասիրվել է միջազգային փորձը: Նշվել է, որ եվրոպական շատ երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում սահմանված պատասխանատվության չափերը շատ ավելի բարձր եւ խիստ են:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկված անձանց թվով:

Փոխնախարարը հայտնել է, որ միայն վերջին 2 ամսվա ընթացքում միջպետական հանրապետական ճանապարհներից 85 ճանապարհային նշաններ են գողացվել, վնասվել են 86 գծամետր արգելափակոցներ: Սպասարկող ընկերությունները նախարարությունից հստակ հանձնարարություն են ստացել՝ բոլոր դեպքերով ներկայացնել հաղորդումներ: Վերջին 2 տարում 28 իրավախախտում է արձանագրվել, որոնցից բացահայտվել է 23-ը: Վերջին 3 տարիների ընթացքում 380-ից ավելի ճանապարհային նշանների գողություն է կատարվել:

ԱԺ գլխադասային հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները մի շարք առաջարկներ եւ դիտողություններ են ներկայացրել, հորդորել հետեւել օրենքների կիրառմանը: